Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը բազմաթիվ թերացումներ է գտել Երեւանի քաղաքապետարանի աշխատանքում:
ՄԻՊ 2013 թվականի զեկույցում նա արձանագրել է խնդիրներն ու զարգացումները:
Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները
• Չեն սահմանվել ինքնակամ շինարարության հստակ եւ թափանցիկ պահանջներ, ինչի հետեւանքով այդ շինությունների օրինական կամ անօրինական լինելու հարցը լուծելիս համայնքներին տրվել է չափազանց լայն հայեցողություն: Նման հայեցողությունը շատ դեպքերում առաջացրել է կոռուպցիոն ռիսկեր:
• Մի շարք մանկապարտեզների խմբերում երեխաների թվաքանակը նախատեսված 30-ից չափազանց մեծ է եղել, ինչի արդյունքում երեխաները անհրաժեշտ խնամք չեն ստացել:
• Քաղաքապետարանը տրանսպորտի սակագինը բարձրացնելու վերաբերյալ չէր կազմակերպել հանրային քննարկումներ, չէր ներկայացրել սակագնի բարձրացման բավարար հիմքերը եւ հնարավոր այլընտրանքային լուծումները, ինչն առաջացրել էր հանրության հիմնավոր վրդովմունքը:
• Երեւանում մեքենաների կայանատեղերի համակարգը ներդրվել էր լուրջ թերացումներով, ինչպես օրինակ՝ անձինք 1 ժամից պակաս կայանելիս ստիպված են եղել վճարել 1 ժամվա կայանման գումար, չեն նախատեսվել անվճար հատուկ կայանատեղեր հաշմանադամություն ունեցող անձանց համար, ինչպես նաեւ չէին կազմակերպվել պատշաճ հանրային քննարկումներ:
• Քաղաքապետարանը քաղաքի ծայրամասերում գտնվող կիսաքանդ փողոցները ասֆալտապատելու փոխարեն հաճախ կրկնակի ասֆալտապատել է կենտրոնական փողոցները՝ չնայած դրանց բարեկարգ վիճակին:
• Բավարար միջոցներ չեն ձեռնարկվել Փակ շուկայի ապօրինի շինարարությունը կանխելու համար:
• Հաշվի չառնելով քաղաքաշինական նորմերի պահանջները, ինչպես նաեւ Կոմիտաս 5 հասցեի բնակիչների համար մի շարք բացասական հետեւանքները, օրինակ՝ հարակից շենքերի լուսավորության էական նվազումը, տարածքի ծառերի հատումը եւ այլն, Քաղաքապետարանը, այնուամենայնիվ, թույլատրել էր այդ տարածքում շինարարությունը:
• Քաղաքապետարանը որեւէ միջոց չի ձեռնարկել Կոմայգում այլասերվածությունը վերացնելու ուղղությամբ, մասնավորապես չի լուսավորվել եւ չի ցանկապատկվել այգու շրջակայքը, ինչպես նաեւ չի փակվել այգու մուտքը գիշերային ժամերին:
• Անմատչելի է եղել մի շարք շինություններ հաշմանդամություն ունեցող անձանց մուտքն ու ելքը: Մի շարք դեպքերում ընդհանրապես բացակայել են թեքահարթակները, իսկ առկայության դեպքում էլ՝ դրանց թեքության աստիճանը չափազանց բարձր է եղել:
• Միջոցներ չեն ձեռնարկվել հասարակական տրանսպորտը հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժմանը հարմարեցնելու համար:
Արձանագրված դրական զարգացումներ
• Ճանապարհային խցանումները նվազեցնելու նպատակով շահագործման է հանձնվել Ուլնեցու եւ Ռուբինյանց փողոցները միացնող ճանապարհը, ավարտման փուլին են հասել Ծովակալ Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցի հետ կապող նոր ավտոմայրուղու կառուցման աշխատանքները, շահագործման են հանձնվել 4 վերգետնյա անցումներ:
• «Աջակցություն առողջապահական կազմակերպություններին բժշկական սարքավորումների ձեռքբերման համար» ծրագրի շրջանակում Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող թվով 16 բուժհաստատության տրամադրվել է 44 անուն բուժսարքավորում` փոխարինելով մաշված եւ արդեն անպետք սարքավորումները:
• Մայրաքաղաքի փողոցներում եւ բանուկ մասերում կառուցվել է 80 թեքահարթակ, թվով 293 թեքահարթակ է կառուցվել նաեւ ասֆալտ-բետոնե ծածկի հիմնանորոգման աշխատանքներ իրականացված փողոցներում:



























