«Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար, նոյեմբերի 5-ից անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի անչափահաս որդուն` Շահեն Հարությունյանին, մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շահենի մայրը` Ռուզաննա Բադալյանը:

«Նոյեմբերի հինգի գործով Շահենին մեղադրանք է առաջադրվել: Այս պահին ոստիկանությունում ենք, քննչական գործողություններ են իրականացվում»,- ասաց տիկին Ռուզաննան:

Նշենք, որ նույն խուլիգանություն հոդվածն առաջադրվել է նաեւ Շանթ Հարությունյանին:

Հիշեցնենք,  որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բերման ենթարկվածներից 18-ին ներգրավվել էին որպես վկա եւ ազատել էին, իսկ 20-ը ձերբակալվել էր:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am