Հայաստանի կառավարությունը աշխատանքային խումբ կստեղծի, որը կզբաղվի «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ օրինագիծ նախապատրաստելով: Այս մասին, այսօր՝ ապրիլի 3-ին, կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքով՝ աշխատանքային խմբում ներկայացված կլինեն շահագրգիռ կառույցների ներկայացուցիչները, որոնք օրինագիծ կներկայացնեն ԱԺ-ին, որտեղ հաշվի կառնվեն Սահմանադրական դատարանի որոշման դրույթները:
«Դա բացառիկ հնարավորություն է քաղաքացիական հասարակության համար կառավարության հետ միասին մասնակցել օրենսդրական փոփոխությունների մշակմանը՝ նպատակ ունենալով բարելավելու գործող համակարգը: Օգտվելով այս բացառիկ հնարավորությունից, դիմում եմ քաղաքացիական հասարակությանը, բոլոր այն ակտիվիստներին, որոնք իրենց ուշադրության կենտրոնում են պահել կուտակայինը, աշխատել՝ հանուն ավելի լավ օրենսդրության, որը հաշվի կառնի ՍԴ ընդունած որոշումը: Մենք ակնկալում ենք երկխոսության սկիզբ և օրենսդրության կատարելագործում»,-ընդգծել է վարչապետը:
Նա տեղեկացրել է, որ աշխատանքային խմբում կընդգրկվեն Արդարադատության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Ֆինանսների նախարարությունների, Կենտրոնական բանկի ներկայացուցիչները:
Իր հերթին, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ օրենքը սահմանադրական է մինչեւ սեպտեմբերի 30-ը, իսկ այն պահին, երբ կատարվեն փոփոխությունները, դրանք այդ պահից ուժի մեջ կմտնեն:
Իրավիճակը եւս մեկ անգամ փորձեց պարզաբանել վարչապետը, նշելով. «Քաղաքացիների եւ տնտեսվարող սուբյեկտների համար «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը ուժի մեջ է մնում մինչեւ սեպտեմբերի 30-ը, երբ կկատարվեն փոփոխությունները»:
Նշենք, որ ապրիլի 2-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց «Կուտակային կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթները: Մինչեւ սեպտեմբերի 30-ը ՍԴ-ն ժամանակ է տվել խորհրդարանին եւ կառավարությանը՝ վիճահարույց օրենքի հակասահմանադրական ճանաչված դրույթները փոփոխության ենթարկելու համար: Մինչեւ այդ կատարված պարտադիր կենսաթոշակային բոլոր վճարումները պետք է վերանայվեն: Որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից:
Այս առնչությամբ ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը հայտարարել է հետեւյալը. «Մինչեւ սեպտեմբերի 30-ը «Կուտակային կենսաթոշակների» մասին օրենքը գործելու է, եւ քաղաքացիները պարտավոր են շարունակել վճարել պարտադիր կենսաթոշակային վճարները»:



























