News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Հանրության ակտիվ աջակցության շնորհիվ Կովկասյան հովազի պահպանման հայաստանյան ծրագիրը Գերմանիայի «Նեյշնլ Գեոգրաֆիկ»-ի կողմից 30 հազար եվրո դրամաշնորհի է արժանացել:

Մարտի 17-ից 31-ը Եվրոպական բաց տարածքների պահպանման ասոցիացիայի (EOCA) կողմից կազմակերպված վիրտուալ քվեարկության արդյունքում Կովկասյան հովազի պահպանման ծրագիրն ընտրվեց 6 լավագույնների շարքում եւ երկրորդ փուլում ստացավ 7,238 ձայն 21,179 ձայներից, որը կազմում է ընդհանուր ձայների շուրջ 34 %-ը:

Հայաստանյան ծրագիրը հաղթել է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի գործընկերների, հայաստանցիների եւ մյուս բոլոր ընկերների եռանդուն քվեարկության արդյունքում: Մասնավորապես բրիտանական «Վորլդ Լենդ Թրաստ» ընկերությունը նախագիծը ներկայացրել է իր կայքում եւ իր բոլոր միջազգային գործընկերների ցանցում, իսկ FPWC-ի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը իր բոլոր բաժանորդներին տեղեկացրել է հեռախոսային հաղորդագրությունների միջոցով: Այս քարոզարշավի արդյունքում Կովկասյան հովազի պահպանման հայաստանյան ծրագիրն ստացել է ձայների մեծամասնությունն ու դարձել քվեարկության առաջատարը:

Կովկասյան հովազը վտանգված կենդանատեսակ է, գրանցված ԲՊՄՄ Կարմիր ցուցակում «Վտանգված» կարգավիճակով: Բնության մեջ Կովկասյան հովազի քանակը չի գերազանցում 1300-ը, իսկ Հայաստանում կարող է հանդիպել առավելագույն 15 հովազ (ըստ ԲՊՄՄ տվյալների): Բացի պետական արգելոցներից, Կովկասյան հովազը Հայաստանում պահպանվում է նաեւ օրենքով:

Դեռ 2013 թվականին Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից կառավարվող «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան»-ի տարածքում տեղադրված տեսախցիկներն արձանագրեցին Հայաստանում բնակվող Կովկասյան հովազներից մեկին:

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը նշված միջոցները կօգտագործի Կովկասյան հովազի համար անհրաժեշտ տարածքների պահպանման եւ ընդլայնման, ինչպես նաեւ այս վտանգված կենդանատեսակի մասին հետազոտություններ կատարելու նպատակով:

Կովկասյան հովազի պահպանմանն ուղղված ծրագիր Հայաստանում իրականացնում են Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն ու WWF Հայաստանը, որը նաեւ մշակել է անհետացման եզրին գտնվող այս կենդանատեսակի պահպանման ռազմավարություն:

Տպել
Ամենաշատ
Partner news