News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի պարտադիր բաղադրիչի վերաբերյալ կառավարությունում Հայաստանի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնած հինգ ուժերի հանդիպումն անցել է դրական ֆոնի վրա, կառավարությունը պատրաստ է պարտադիր բաղադրիչի պարտադրանքի կասեցման ուղղությամբ կոնկրետ քայլեր իրականացնել: Այս մասին հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Կուտակայինի վերաբերյալ վարչապետը ներկայացրեց իր մոտեցումները, որը նաեւ հրապարակել էր «Դեմ եմ» շարժման հետ հանդիպման ժամանակ: Քաղաքական ուժերն էլ ներկայացրին իրենց դիրքորոշումները: Առաջիկա երկու օրերին կլինի նախագիծը, երբ այն լինի, կկարողանանք կարծիք հայտնել»,- ասաց նա:

ՀՅԴ-ական պատգամավորի խոսքով՝ շատ կարեւոր է, որ վարչապետը պատրաստակամ է խնդիրները լուծել եւ բարձրացված հարցերին լիարժեք պատասխաններ հնչեցնել:

«Ինչպես պարոն Հակոբյանն ասաց, խնդիրը բաժանվում է երկու փուլի: Առաջին փուլը այս կարճաժամկետ հատվածն է, որպեսզի վերականգնվի հասարակության վստահությունը, սա նշանակում է, որ այնպիսի փոփոխությունների պիտի ենթարկվեն քաղաքական տարրերը, որը քաղաքացիներն իրենց կամահայտնությամբ համակարգին մասնակցեն: Չի լինելու ոչ մի հարկադրանք, ոչ մի տույժ ու տուգանք: Երկրորդ փուլը նոր մոդելի մշակումն է, որը ենթադրում է հասարակության տարբեր շերտերի ներգրավվածությունը: Դա ավելի երկար ժամանակ է պահանջում, դա արդեն այլ քննարկման հարց է: Այս պահին շատ կարեւոր է, որ պարտադիր բաղադրիչի պարտադրանքի կասեցման ուղղությամբ կոնկրետ քայլեր է կառավարությունը պատրաստ իրականացնել»,- եզրափակեց Արծվիկ Մինասյանը:

Նշենք, որ Հայաստանի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի պարտադիր բաղադրիչի հարցի վերաբերյալ այսօր՝ ապրիլի 22-ին, ժամը 12:00-ին քննարկում էր հրավիրել կառավարությունում, որին մասնակցում էին խորհրդարանական հինգ ուժերի՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության» եւ ՕԵԿ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը: Հայ ազգային կոնգրեսը հրաժարվել էր հանդիպումից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ