News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանին ապրիլի 30-ին գումարված հերթական նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել Երեւան  քաղաքի  Արամի  եւ  Բուզանդի  փողոցների՝  Սարյան  փողոցից  մինչեւ Մաշտոցի  պողոտա  ընկած  հատվածները  Հայաստանի  ազգային  հերոս, պետական, քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի  անունով անվանակոչելու վերաբերյալ որոշման նախագծին: Ավագանու անդամները միաձայն հավանություն են տվել նաեւ Կարեն  Դեմիրճյանի հիշատակը  հավերժացնող  հուշարձանը  Երեւան  քաղաքի  Մաշտոցի  պողոտայի թ.15  եւ  թ.17  շենքերի միջանկյալ  հատվածում  գտնվող  այգու՝ Մաշտոցի  պողոտային  հարակից  հատվածում տեղադրելու  մասին որոշմանը։

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե դարձյալ միաձայն կողմ քվեարկությամբ հավանության է արժանացել նաեւ Երեւան  քաղաքի  Արամի,  Փավստոս  Բուզանդի,  Եզնիկ  Կողբացու  փողոցների  եւ Մաշտոցի  պողոտայի  միջանկյալ  հատվածում  գտնվող  պուրակը անվանի  բանաստեղծ,  Ֆրանսիայի  ազգային  հերոս  Միսաք  Մանուշյանի  անվամբ անվանակոչելու, ինչպես նաեւ Սոս Սարգսյանի, Համո Սահյանի եւ անգլիացի  բանաստեղծ Ջորջ  Բայրոնի  հիշատակը  հավերժացնող  հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումների նախագծերը: Պետական,  քաղաքական  գործիչ  Անաստաս  Միկոյանի հիշատակը հավերժացնող հուշարձան տեղադրելու մասին որոշման նախագիծը եւս արժանացել է հավանության:

Հաշվի  առնելով  «Ա1+»  հեռուստաընկերության   կողմից իրականացվող  գործունեության  կարեւորությունը  մեր  հասարակության   համար,  ինչպես նաեւ  լրատվամիջոցի  գրասենյակային  պայմանները  բարելավելու  եւ  աշխատանքային գործունեության  կազմակերպմանն  աջակցելու  նպատակով,  Երեւան  քաղաքի ավագանին  համայնքի  սեփականություն  համարվող  Փ.Բուզանդի  փողոցի  1/3  հասցեում գտնվող  շենքի  5-րդ  հարկի  264.3քմ  մակերեսով  տարածքը  անհատույց  օգտագործման իրավունքով  4  տարի  ժամկետով  տրամադրել է  «Մելտեքս»  սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Օրակարգում ընդգրկված մյուս հարցերը նույնպես արժանացել են ավագանու անդամների հավանությանը:

Երեւանի ավագանու հերթական հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 30-ին:

Տպել
Ամենաշատ