News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

1994թ. հրադադարի հաստատման 20-ամյակի կապակցությամբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջանի բնակիչներին առաջարկել են խորհել վերջին երկու տասնամյակի ձեռքբերումների մասին, հայտնում է NEWS.am-ը: Միջազգային միջնորդների հայտարարությունում մասնավորապես ասված է. «Այս համաձայնագիրը վերջ տվեց պատերազմին, դադարացրեց նախորդ տարիների ողբերգական բռնությունը եւ բանակցությունների հիմք ստեղծեց, որոնք կողմերի առաջ բացեցին խաղաղության ճանապարհը: Ձեռքբերված հրադադարի շնորհիվ հայերի ու ադրբեջանցիների նոր սերունդ մեծացավ, որը չէր տեսել պատերազմի արհավիրքները:

Կողմերը պետք է անեն ամեն հնարավորը՝ ապագա սերունդների նման դառը փորձից պաշտպանելու համար:

Հրադադարը, սակայն, չլուծեց հիմնախնդիրը: Այն ԼՂ-ի հարակից տարածքները թողեց օկուպացված եւ ի զորու չեղավ առաջընթաց ապահովել ԼՂ-ի կարգավիճակի հարցում: Վերջնական կարգավորման բացակայության պատճառով հարյուր հազարավոր մարդիկ տեղահանվեցին, սահմանին եւ շփման եզրին կա իրավիճակի սրացման մշտական սպառնալիք, ինչպես նաեւ որոշ մարդկանց մոտ մոլորություն ծագեց, որ ստատուս քվոն կարող է հաստատուն լինել եւ ձգվել անորոշ ժամկետով:
Կողմերը մեծ ցանկություն չեն դրսեւորում, որպեսզի օգտվեն համանախագահ երկրների ջանքերի շնորհիվ ի հայտ եկած հնարավորություններից կամ էլ քաղաքական որոշում կայացնեն, որն անհրաժեշտ է այս գործընթացի խաղաղ կարգավորման համար: Մենք այդ հիմնախնդրի հարցում միասնական դիրքորոշման կողմնակիցն ենք եւ նախկինի պես պատրաստ ենք օգնություն ցուցաբերել կողմերին` ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների եւ Հելսինկիյան ամփոփիչ ակտի հիմքով խաղաղ կարգավորման հասնելու համար, որոնք մասնավորապես վերաբերում են ուժ չկիրառելուն, տարածքային ամբողջականությանը, իրավահավասարությանը եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքին: Կարգավորումը պետք է ընդգրկի տարրեր, որոնք պարունակվում են համանախագահ երկրների նախագահների 2009-2013 թթ. արված հայտարարություններում, որոնք ընդգրկում են ԼՂ-ի շրջակա տարածքների վերադաձը, ԼՂ-ի միջանկյալ կարգավիճակը, անվտանգության եւ ինքնորոշման երաշխիքներ, Հայաստանը ԼՂ-ին կապող միջնացք, ինչպես նաեւ ԼՂ-ի վերջնական կարգավիճակի մասին որոշում, բոլոր ներքին տեղահանվածների եւ փախստականների վերադառնալու իրավունք եւ անվտանգության միջազգային երաշխիքներ, այդ թվում` խաղաղապահ ուժեր: Նոյեմբերին մենք տեսանք երկխոսության հեռանկարային վերսկսում` ամենաբարձր մակարդակով: Մենք կողմերին կոչ ենք անում կառուցողական, բարեխիղճ բանակցություններ վարել, որոնք խաղաղ համաձայնության կհանգեցնեն` այդ տարրերի հիման վրա հիմնախնդիրը կարգավորելու նպատակով: Նման կարգավորումն անհնար կլինի առանց Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիների միջեւ վստահության եւ փոխըմբռնման: Մենք կողմերին կոչ ենք անում աշխուժացնել քաղաքացիների միջեւ երկխոսության ծրագրերը եւ վստահության ու անվտանգության ամրապնդման միջոցները` խաղաղության գործընթացն ամրապնդելու համար: Հայերն ու ադրբեջանցիներն արժանի են խաղաղ եւ ապահով ապրելու, եւ մենք պատրաստ ենք օգնել: Կողմերը պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն` խաղաղություն ապահովելու համար: Երբ նրանք դա անեն, կստանան ԵԱՀԿ եւ միջազգային հանրության ողջ աջակցությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ