Վերահսկիչ պալատն իր հերթական հաշվետվության մեջ անդրադարձել է Ֆինանսների արդեն նախկին նախարար Դավիթ Սարգսյանին. պարզվում է, որ միջազգային ֆինանսական կազմակերպություների կողմից Հայաստանին տրված դրամաշնորհների գումարները փոխանցվել են Կիպրոսում գրանցված ինչ-որ կազմակերպությունների հաշվեհամարներին, որոնց հետ կառավարությունը՝ ի դեմս Ֆինանսների նախարարության, կնքել է ծրագրի կատարման պայմանագիր:

Վերահսկիչ պալատի տվյալներով՝  ծրագիրը կատարել է հայաստանյան ինչ-որ երրորդ ընկերություն: ՎՊ-ն իր հաշվետվության մեջ գրում է, որ «Բնական հարց է առաջանում, եթե հայկական որեւէ ընկերություն կարող է կատարել աշխատանքները 288 հազար ԱՄՆ դոլարով, ապա ինչո՞ւ է այն իրականացվում կիպրոսյան ընկերության կողմից՝ 704 100 ԱՄՆ դոլար արժեքով»:

Մեր կառավարությունը պայմանագիր է կնքել Կիպրոսում գրանցված «Four Assist Development Consulting Limited» ընկերության հետ եւ փոխանցել է 704.000 ԱՄՆ դոլար: Կիպրոսյան ընկերությունն իր հերթին պայմանագրի կնքման նույն օրը 288.000 ԱՄՆ դոլար արժեքով ենթամատակարարի պայմանագիր է կնքել ՀՀ-ում գրանցված «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ի հետ, որն էլ իրականացրել է նախատեսված աշխատանքների ողջ ծավալը:

Բացի դրանից՝ կառավարության աշխատակազմին ցանցային սարքավորումների մատակարարման եւ տեղադրման համար 546 959 ԱՄՆ դոլարի եւ 30 366 240 ՀՀ դրամի պայմանագիր է կնքվել «Յունիքոմփ» ՓԲԸ-ի հետ, սակայն գումարն առանց հիմքի փոխանցվել է ենթամատակարար «Աբրիս Դիստրիբյուշն» ընկերության (ԱՄՆ) հաշվին:

Ազգային ժողովի կահույքը նույնպես նույն սկզբունքով է գնվել.  «Վեկս» ՍՊԸ-ի հետ կնքվել է 118,245 դոլարի եւ 49,907,106 դրամի պայմանագիր, բայց ԱԺ-ի հասցեով ներկրված ապրանքների ուղեկցող բոլոր փաստաթղթերը ներկայացվել է ենթամատակարար «Սի Այ Էս Ինթերնեյշնլ Իմպեքս» ԿՈ ԼՏԴ (Չինաստան)  անունից: 

Վերահսկիչ պալատն արձանագրել է նաեւ ծրագրեր, որոնց դրամաշնորհները վաղուց ծախսվել են, իսկ գործն այդպես էլ չի կատարվել:

Այս հետազոտություններից հետո ՎՊ հանգել է հետեւյալ եզրակացության՝ «գործընթացներն ունեցել են լուրջ թերացումներ, պարունակել են ռիսկեր եւ ունեն հետագա ստուգումների կարիք»:

NEWS.am-ի հետ զրույցում Ֆինանսների նախարարությունից պարզաբանում չտվեցին՝ խորհուրդ տալով հարցը գրավոր ուղարկել: