News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում 80 տարեկան հասակում մահացել է հայազգի օպերային երգչուհի Լին Դուրյանը: Այս մասին տեղեկություն է տարածել «Nouvelles d'Arménie» ֆրանս-հայկական պարբերականը:

Երգչուհին, որի իսկական անունը Նվարդ Ժոսլին Դիրադուրյան է, 1933թ. հունիսի 29-ին` Լիոնի մշակութասեր ընտանիքում է ծնվել: Նա 14 տարեկանից Լիոնի կոնսերվատորիայում դաշնամուր նվագել է սովորել: 18 տարեկանում մեկնել է Փարիզ, որտեղ երգեցողության դասեր է առել Սյուզան Բոմոնից: Վերջինս ապագա երգչուհուն իտալական չքնաղ ավանդույթներին է ծանոթացրել: Այնուհետեւ Լինի կարիերայի արշավասույր թռիչքն է սկսվում: Նիմեում 11 հազար հանդիսականի համար Կարմենի դերը խաղարկելուց հետո նա Փարիզի օպերայի աստղն է դառնում, իսկ մի փոքր անց` «Դոն Կառլոս» օպերայի բեմադրության ժամանակ հայտնի երգչուհի Ջեյն Ռոդսին հանպատրաստից փոխարինում: Այստեղ եւս Լին Դուրյանը հրաշալի է հանդես գալիս. քննադատները նոր երգչուհու ծնունդն են ողջունում:

Իսկական կոլորատուրային մեցցո-սոպրանոյով նա փայլել է այնպիսի օպերաներում, ինչպիսիք են Վերդիի «Աիդան» եւ «Տրուբադուրը», Էդուարդ Լալոյի «Իս քաղաքի թագավորը», Մասսնեի «Վերթերը» եւ Ռիխարդ Վագների «Լոենգրինը»: Լինը ելույթներ է ունեցել Բուենոս-Այրեսի, Լոնդոնի, Սանկտ-Պետերբուրգի համաշխարհային բեմերում եւ միջազգային փառատոններում, երգել Իտալիայի, Նիդեռլանդների, Բելգիայի, ԱՄՆ-ի թատրոններում: Աշխարհահռչակ երգչուհին մի քանի անգամ նաեւ հայաստանյան շրջագայություններ է ունեցել եւ հմայված հանդիսատեսի ամենաբուռն արձագանքին արժանացել: Բացի այդ, Լին Դուրյանն իր ներդրումն ունի նաեւ Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին ցուցադրված օժանդակությունների հարցում: Նա բազմաթիվ համերգներ է տվել` Լեռնային Ղարաբաղին աջակցություն ցուցաբերելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ