«Վերնիսաժի» մոտ մայիսի 17-ին հնչած կրակոցներից վիրավորված ախալքալաքցիներ Վալերի Հովհաննիսյանն ու Նորայր Հարությունյանը ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսային՝ Գոռ Առաքելյանին, ընդամենը ասել են «անցած լինի, բոլորիս հետ էլ պատահում է», սակայն Գոռը սկսել է կրակել: NEWS.am-ի հետ զրույցում դեպքն այսպես նկարագրեց երիտասարդների փաստաբան Վարդուհի Էլբակյանը:

«Ամեն դեպքում ներկայացված ոչ մի բանը իրականությանը չի համապատասխանում: Տպավորություն են ուզում ստեղծել, որ հենց այնպես ծեծել են ու ջարդել: Իհարկե, քաշքշոց եղել է, սակայն ոչ այնպես, ինչպես ներկայացնում են: Իրականում, Վալերին եւ Նորայրը մեքենան կայանել են եւ մտել շենք: 20 րոպե հետո իջել են եւ ասել, որ «անցած լինի, բոլորիս հետ էլ պատահում է», սակայն Գոռը սկսել է հետները վիճել եւ կրակել է»,- ասաց փաստաբանը:

Նրա խոսքով՝ իր պաշտպանյալ Նորայր Հարությունյանի վրա Գոռ Առաքելյանը կրակել է չորս անգամ, իսկ Վալերիին՝ երեք:

«Հետո էլ ասում են, թե Վալերին ցանկացել է փախչել: Ինչպե՞ս կարող է ոտքից եւ որովայնից վիրավորված մարդը դիմել փախուստի: Այս պահին երկուսն էլ վերակենդանացման բաժանմունքում են, իսկ նրանց սենյակի մոտ հսկում են երկու ոստիկան»,- ավելացրեց Վարդուհի Էլբակյանը:

Մեր հարցին՝ հնարավոր է՝ իր պաշտպանյալների նկատմամբ էլ գործ հարուցվի՝ փաստաբանը պատասխանեց. «Նրանց գործողություններում հանցակազմ չկա»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 17-ին, ժամը 13:30-ի սահմաններում «Վերնիսաժի» մոտ հնչել են կրակոցներ, կան 5 վիրավորներ, որոնց տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ականատեսները NEWS.am-ին հայտնել էին, որ վիրավորվածների մեջ կան նաեւ պատահական անցորդներ, իսկ մինչեւ կրակոցը լսել են վեճի ձայներ, որից հետո հնչել է 7-8 կրակոց:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ներկայացել է ոստիկանության բաժին: Նա ձերբակալված է: