News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մահացած երեխա ծննդաբերած՝ գյումրեցի Նարինե Ղուկասյանի ամուսինը վստահեցնում է, որ ծննդաբերելու ժամանակ կնոջ կողքին է եղել, բժիշկներն էլ վստահեցրել են՝  թե կնոջ, թե երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:

«Ես կողքին եմ եղել, նույնիսկ լսել եմ երեխայի սրտի բաբախը, ամեն բան ասում էին՝ լավ է, բայց կինս իրեն լավ չէր զգում, անդադար ասում էր, որ վատանում է, բայց իրենք գալիս, նայում էին ասում էին՝ ամեն ինչ նորմալ է», -NEWS.am-ին ասաց Սիփան Մարտիրոսյանը։ Հիշեցնենք, որ Գյումրու «Ծննդատուն» ՓԲԸ-ի տնօրեն Վարդան Սարգսյանը NEWS.am-ին ավելի վաղ ասել էր, որ ծննդկանի հարազատները հարվածել են իրեն ու հարձակվել բժշկուհու եւ բուժքույրերի վրա։

Նարինեի ամուսինը մեզ հետ զրույցում հերքեց այս տեղեկությունը։

«Իմ հայրը վշտի մեջ էր, բնական է, որ պետք է բարկացած լիներ, բայց նա այնքան դաստիարակված է, որ չէր կարող մարդու հարվածել, հայհոյել է, ճիշտ է, բայց չի հարվածել, թող գա, կանգնի ու իրա վրայի կապտուկները կամ կարմիր տեղերը ցույց տա, որ հայրս է արել»,- ասաց Սիփան Մարտիրոսյանը:

Սիփան Մարտիրոսյանը կատարվածի իր վարկածը ներկայացրեց։ Նրա խոսքով, ծննդաբերելիս, երբ կնոջ ցավերն ավելի են սրվել, տեղի հերթապահ բժիշկների մոտ խառնաշփոթ է առաջացել, ու լուսադեմին ծննդկանի հարազատներին խնդրել են հիվանդանոցի ծննդօգնության ղեկավար, մանկաբարձ Լիլիա Պողոսյանին բերել հիվանդանոց։

«Ես գնացի, բերեցի ու երբ արդեն կինս ծննդաբերում էր, երեխայի գլուխը տեսա, ինչքան քույր ու բժիշկ կար, լցվել էին կնոջս վրա ու քաշքշում էին, թե ինչ էին անում, չէի հասկանում, որովայնն էին սեղմում, որ երեխան դուրս գար , մյուս բժիշկն էլ ասում էր, թե ինչ եք անում, սխալ եք սեղմում, խառնաշփոթ էր այնտեղ իսկական»,- պատմեց Նարինեի ամուսինը:

Նարինե Ղուկասյանն էլ պատմեց, թե ինչ է տեղի ունեցել ծնարանում, երբ Լիլիա Պողոսյանը մտել է ներս:

«Երբ մյուս բժշկուհին եկավ, տեսավ, որ 6 հոգով ընկել էին վրես ու կսեղմեին փորս, որ երեխան դուրս գար, ասեց՝ ինչ եք անում, սխալ է, այդպես մի արեք»,- պատմեց Նարինե Ղուկասյանը:

Նարինե Ղուկասյանի խոսքով, բժիշկները մեծ դժվարությամբ են երեխային կարողացել դուրս բերել, Նարինեն համոզված է, որ երեխային բժիշկներն են վնասել, վստահեցնում է նաեւ, որ հղիության 9 ամիսներին իր մոտ ոչ մի վիրուսային հիվանդություն չի եղել, անգամ գրիպ չի ունեցել: Հիշեցնենք, որ բժիշկների խոսքով, Նարինեի պտղաջրերը պղտոր են եղել՝ թարախային մասերով, ինչը, նրանց խոսքով, ինֆեկցիայի հետեւանք է եղել։ Հիվանդանոցում նաեւ ասում են, որ երեխան ծնվել է՝ պորտալարը վզին փաթաթված։

«Երեխաս երբ ծնվեց, նրան դուրս բերեցին, պորտալարը վզին փաթաթված չէր, ես տեսել եմ, չորս կողմից քաշում էին, թե ինձ էին ցավեցնում, թե երեխայիս վնասում, ես ոչ մի անգամ ինֆեկցիոն հիվանդություն չեմ ունեցել ու վարակ չեմ էլ տարել իրենց հիվանդանդոց, ոնց որ իրենք են ասում, թող հարցնեն պոլիկլինիկայի իմ բժշկին ու իմանան, թե ինչպես են 9 ամիսներն անցել հարթ ու առողջ»,-ասաց Նարինեն:

Հիշեցնենք, որ NEWS.am-ի հետ զրույցում ծննդատան տնօրենը ծննդաբերությունից հետո Նարինեի հարազատների պահվածքը բնութագրել էր որպես խուլիգանություն, իսկ դեպքից անմիջապես հետո դիմում էր ուղարկել ՇՄ դատախազություն։ Նարինեի հարազատներն իրենց հերթին դիմել են ոստիկանություն, նրանք երեխայի մահվան մեջ մեղադրում են բժիշկներին։

Տպել
Ամենաշատ