News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ապրիլի 10-ին ադրբեջանական մեկամսյա գերությունից հայրենիք վերադարձած՝ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 23-ամյա Արսեն Խոջայանը գերության օրերի մասին դժվարությամբ է խոսում, փորձում է մոռանալ կատարվածը։

«Իմ հետ հայերեն էին խոսում։ Երբեք հույս չեմ ունեցել, որ կվերադառնամ, դաժե մի փոքր, մտածել եմ, որ՝ վերջ: Սկզբի օրերին կմկմալով էի պատասխանում հարցերին ու կասկածում էին, հետո հասկացա, որ շատ հստակ պիտի մտածեմ, նոր ասեմ: Ամբողջ գիշեր չէի քնում, քցում-բռնում էի, որ խոսքս ոնց դասավորեմ, ոնց կապեմ իրար, որ կասկած չհարուցեմ, հետո սովորեցի»,- NEWS.am-ին պատմեց Արսենը, որը նախօրեին բուժզննում է անցել Հրազդանի բժշկական կենտրոնում։

Արսենը մինչև վերջ չէր հավատում, որ վերադառնում է։

«Երբ առավոտյան եկան տանելու, էլի չէի հավատում, բայց Կարմիր Խաչից կար մեկը, որ հույս էր ներշնչում, եկանք Ղազախ ու արդեն հավատացի, որ տուն եմ գալիս»,- պատմեց Արսենը:

Վերադառնալուց հետո Արսենը մենակյաց է դարձել, խուսափում է շփումներից, այսօր արդեն փորձում է ջնջել հիշողությունից կատարվածը, նոր կյանք սկսել եւ ապագայի պլաններ է կազմում։  Ամուսնության մասին դեռ չի մտածում, տուն չունի, հիմնական աշխատանք չունի, իսկ ընտանիքը բազմանդամ է, ծնողներին օգնել է պետք։ Խոջայանը երեք եղբայր եւ երեք քույր ունի,  փոքրը 4 տարեկան է, բազմանդամ ընտանիքն ապրում է սոցիալապես ծանր պայմաններում՝ մեկ փոքրիկ սենյակում։

Արսենն այժմ բնակվում է Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում, օգնում ֆերմեր Գառնիկ Թադևոսյանին, որի մոտ ժամանակին աշխատել է իր հայրը:

Վերջին օրերին նա սկսել է գանգատվել գոտկատեղի, ձեռքերի, ոտքերի շրջանում առկա ցավերից, մի քանի օր առաջ էլ ջերմություն է ունեցել: Բժիշկները դա առաջին հերթին կապում են նրա հոգեվիճակի հետ։

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Վերին Կարմրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջայանը մարտի 7-ին հատել էր ՀՀ ու Ադրբեջանի ԶՈւ շփման գիծը եւ գերի ընկել։ Ապրիլի 10-ին ԿԽՄԿ աջակցությամբ Արսեն Խոջայանը հայրենիք էր վերադարձել։

Տպել
Ամենաշատ