News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Դերասան Վարդան Պետրոսյանի վարած մեքենայի հետ կապված ոչ մի անսարքություն չի հայտնաբերվել, որը գոյություն ունենար մինչև պատահարը և Վարդան Պետրոսյանին թույլ չտար կառավարել մեքենան: Այս տեղեկությունը այսօր՝ հունիսի 6-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հայտնեց դատավոր Վաղինակ Մկրտչյանը՝ ընթերցելով ավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությունը:

««ԲՄՎ-320»-ի վարորդն անվտանգ երթևեկություն իրականացնելու համար չպետք է գերազանցեր արագությունը: Վարորդը պետք է ընտրեր այնպիսի արագություն, որ կարողանար լիարժեք կառավարել մեքենան: «ԲՄՎ-320»-ի վարորդը տեխնիկական տվյալներից թույլ տված սխալի արդյունքում է ստեղծել վթարային իրադրություն»,-փորձագիտական եզրակացությունն ընթերցեց դատավորը:

Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը մատնանշեց, որ փորձագիտական եզրակացության մեջ խախտումներ կան։

«Դեպքի վայրի զննության կից արձանագրության  գծագրում նշված է մեքենայից պոկված 2 պլաստմասայի կտորի վայրը, գրված է երեք բառ՝ «բախման վայր, որտեղ», որի արդյունքում իրականում բանուկ մասում տեղի ունեցած վթարը տեղափոխվել է կողնակ: Այդ երեք բառերն են որոշել Վարդան Պետրոսյանի ճակատագիրը»,-նշեց պաշտպանը:

Ըստ նրա՝ քննիչը սխալ է թույլ տվել նաեւ՝ գծագրում ամբողջությամբ չնշելով «ԲՄՎ-320»-ի հետքը:

«Երբ նայում ենք դեպքի վայրի առաջին արձանագրությանը, հետքը կողնակով շարունակվում է: Որպես վթարի վայր ընտրվել է կողնակի այն վայրը, որը քննիչն է ընտրել որպես վթարի վայր: Շամշյանի նկարած նկարում էդ հետքը երևում ա, իսկ ինքը չի գծել: Եթե հետքը գծեին, Վարդանին չէին կարող մեղադրանք առաջադրել»,- նշեց պաշտպանը:

Փաստաբանը միջնորդեց դատարան հրավիրել փորձագետին: Դատարանը միջնորդությունը բավարարեց: Տուժող կողմի պաշտպան Ռուբեն Բալոյանը, անդրադառնալով պաշտպանի միջնորդությանը, ասաց. «Պաշտպանն այնպես է նկարագրում, կարծես ինքը Վարդան Պետրոսյանի մեքենայի մեջ է եղել»:

Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ», նա կալանավորված է: Դատական քննությունն սկսվել է մարտի 12-ին:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ