News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզպետի նախկին խորհրդական, ՀՀԿ-ական Լյուբիկ Չիբուխչյանը համոզված է, որ Հայաստանի իշխանություններն իրեն չեն գնահատում, քանի որ ինքը երեք տարեկանում ստեղծել է տառեր, չորս տարեկանում՝ գիրք հրապարակել, այնուհետեւ ստեղծել «չիբու» մարտարվեստ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախկին խորհրդականը, որը հունիսի 10-ին քաղաքական ապաստան ստանալու համար դիմել է Ադրբեջանին:

«Ինձ չեն գնահատում: Չգիտեն, թե ինչ են կորցնում: Ես այս մոլորակի ամենատաղանդավոր մարդն եմ, ինձ նմանը չկա: Երեք տարեկանում ստեղծել եմ տառերը, կարող եք գալ ու կաբինետում տեսնել դրանք: Չորս տարեկանում գիրք եմ հրապարակել: Ստեղծել եմ մարտարվեստ՝ «չիբու» անունով: Ավելի քան 170 գրքերի հեղինակ եմ, Հայաստանի համար այսքան բան եմ արել ու ինձ չեն գնահատում»,- ասաց նա:

Լյուբիկ Չիբուխչյանը մինչեւ Ադրբեջանի նախագահին դիմելը 12 նամակ էր գրել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն ոչ մի պատասխան էլ չի ստացել:

«Այդ կարճահասակը՝ Սերժ Սարգսյանն ու տամոժնիկը՝ Հովիկ Աբովյանը, իրար մեջ որոշեցին, որ ինձ հանեն գործից: Ժամը 18:10-ին ինձ ասացին, որ ես ժամը 18:00-ից գործից ազատված եմ: Ախր ո՞նց կարող է այսպես բան անել»,- ավելացրեց նա:

Մեր հարցին՝ ինչքանով է ճիշտ քաղաքական ապաստան խնդրել հակառակորդ պետությունից՝ Տավուշի մարզպետի նախկին խորհրդականը վիրավորվեց. «Բա ի՞նչ անեմ, գոնե լրագրողներդ ինձ պիտի հասկանաք, ինձ աջակցեք, ախր ես այս մոլորակի ամենատաղանդավոր մարդն եմ»:

Իսկ այն հարցից, թե հնարավոր է՝ Ադրբեջանն իրեն չընդունի, Չիբուխչյանը վրդովվեց. «Խայտառակ կանեմ, էլի կգրեմ, հո մենակ էս մի նամակով չեմ սահմանափակվելու»:

Նշենք, որ Տավուշի նորանշանակ մարզպետ Հովիկ Աբովյանն անձամբ է Լյուբիկ Չիբուխչյանին հայտնել, որ աշխատանքից հեռանալու դիմում ներկայացնի:

Լուսանկարը՝ «Առավոտի»

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ