News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Բաքվում հունիսի 16-ին մեկնարկել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ-Ռոութ» սեմինարը: ԱՊԱ-ն հայտնում է, որ «Հարավային Կովկաս. Մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով սեմինարին մասնակցում են ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Հյու Բեյլին, 28 անդամ, այդ թվում նաեւ՝ գործընկեր երկրների ներկայացուցիչներ: Եռօրյա սեմինարին կքննարկվեն տարածաշրջանային գործընթացները:

Սեմինարին մասնակցում են նաեւ ՆԱՏՕ-ի ԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը: Բացի այդ, հրավիրվել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը՝ որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի թեմայով զեկուցող:

Սկզբում ելույթ է ունեցել ոչ կառավարական LINKS կազմակերպության տնօրեն Դենիս Սամութը, որն իր ելույթում մասնավորապես նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով: «Այստեղ հիմնական սկզբունքները պետք է լինեն պետական սահմանների անձեռնմխելիության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքները: Խախտվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ այն պետք է վերականգնվի»:

Հայկական կողմը բողոքել է` բարձրացնելով իր անունով ցուցանակը:

ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը սկզբում բողոքել է Սամութի ելույթի դեմ եւ ադրբեջանական «գրավյալ» տարածքները վերադարձնելու վերաբերյալ Միլի Մեջլիսի նախագահ Օգթայ Ասադովի պահանջը ագրեսիա անվանել: Նա պահանջել է, որպեսզի ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու վերաբերյալ քննարկումների ժամանակ կողմեր  ներկայացվեն ոչ միայն Հայաստանը եւ Ադրբեջանը, այլեւ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Նահապետյանը փորձել է ուշադրություն հրավիրել Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի ինքնորոշման հարցի վրա:

Հետո կրկին  ելույթ է ունեցել Սամութը եւ եւս մեկ անգամ կրկնել իր միտքը, որ հիմնախնդիրը հենց Ադրբեջանի եւ Հայաստանի խնդիրն է:

Հայկական պատվիրակության անդամ, պատգամավոր Թեւան Պողոսյանը հայտարարեց, որ Սամութը եւ այլ միջազգային փորձագետներ աջակցում են պաշտոնական Բաքվին այն պատճառով, որ սեմինարն անցկացվում է Բաքվում: Այնուհետեւ պատգամավորը հիշեցրել է Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի 4 բանաձեւերի մասին.«Ես առաջարկում եմ ծանոթանալ բանաձեւի տեքստին: Սկզբում կարդացեք, ինչ է այնտեղ գրած, եւ միայն դրանից հետո Հայաստանի ագրեսոր կոչեք»:

Բացի այդ, Պողոսյանը իր ելույթում մեղադրել է Ադրբեջանին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններին միջամտելու համար, եւ հիշեցրել, որ Հայաստանը փաստացի շրջափակման մեջ է գտնվում:

Այնուհետեեւ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի տեսակետն արտահայտելու համար խոսք վերցրեց Ահմեդ Բերատ Ջոնքարը: Նա հավաստիացրեց, որ Ադրբեջանը չի միջամտում Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններին. «Սա Հայաստանի ընտրությունն է, ուստի Հայաստանը շրջափակման մեջ է: Հայաստանը փաստացիորեն օկուպացրել է եղբայրական Ադրբեջանի հողերը: Մեր միասնական տեսակետը հայտնի է. Հայաստանը պետք է վերադարձնի գրավված ադրբեջանական հողերը, եւ այդ ժամանակ մենք սահմանը կբացենք»:

Առաջին ընդմիջումից հետո սեմինարը շարունակում է աշխատանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ