
Սույն թվականի հունիսի 28-ից հուլիսի 4-ը Հայաստանում տեղի ունեցավ ռելյատիվիստական աստղաֆիզիկայի հարցերին նվիրված ամառային դպրոց եւ միջազգային գիտաժողով: Ամառային դպրոցի ընթացքում (hունիսի 28-ին եւ 29-ին) Աղվերանում գտնվող ՀՀ ԳԱԱ-ի հյուրերի տանը տեղի ունեցան գիտական քննարկումներ երիտասարդ գիտնականների եւ ասպիրանտների մասնակցությամբ: Այնուհետեւ հունիսի 30-ից հուլիսի 4-ը ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ Ռելյատիվիստական Աստղաֆիզիկայի Միջազգային Կենտրոն ցանցի (ՌԱՄԿ ցանց) առաջին գիտաժողովը Հայաստանում «Սեւ խոռոչներ. էներգիայի մեծագույն աղբյուրներ տիեզերքում» անվանումով: Գիտաժողովին մասնակցում էին ավելի քան 80 գիտնականներ Իտալիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Բրազիլիայից, Կորեայից, Իրանից եւ Հայաստանից:
Գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռ. Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յ. Չիլինգարյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կ. Նազարյանը, ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջ. Ռիչչուլլին, ՀՀ-ում Բր
ազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Է. Մ. Դ. Մոնտեյրոն, Հայաստանում Վատիկանի դեսպան Մոնսինյոր Մարեկ Սոզինսկին: Ողջունելով հյուրերին՝ Ռ. Մարտիրոսյանը նշեց, որ նման գիտաժողովի անցկացումը Երեւանում վկայում է այն մասին, որ Հանրապետությունում աստղաֆիզիկայի բնագավառի հետազոտությունները համապատասխանում են միջազգային չափանիշներին, եւ հաջողություն մաղթեց գիտաժողովի մասնակիցներին: Այնուհետեւ ՌԱՄԿ ցանցի տնօրեն պրոֆ. Ռ. Ռուֆֆինին հակիրճ ներկայացրեց գիտաժողովի գիտական ծրագիրը եւ մասնակիցներին, ինչպես նաեւ ներկայացրեց ՌԱՄԿ ցանցի կենտրոնները Իտալիայում, Ֆրանսիայում, Բրազիլիայում, ինչպես նաեւ Հայաստանում:
Գիտաժողովը ներառում էր զեկուցումներ գամմա բռնկումների, ակտիվ գալակտիկական միջուկների, նեյտրոնային աստղերի, գերնորերի, գրավիտացիոն ալիքների եւ այլնի մասին: Ներկայացվեցին մի շարք գիտափորձերից ստացված վերջին տվյալները, ինչպիսիք են MAGIC, HESS, Fermi LAT, NuStar եւ այլն: Ներկայացվեցին նաեւ ռելյատիվիստական աստղաֆիզիկայի ժամանակակից պրոբլեմներին նվիրված տեսական հետազոտությունների վերջերս ստացված արդյունքները:
Գիտաժողովի ընթացքում մասնակիցներից կազմված պատվիրակությունը հանդիպում ունեցավ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանի հետ, որի ժամանակ քննարկվեցին ՌԱՄԿ ցանց-Երեւան կենտրոնի գործունեությունը եւ զարգացման հեռանկարները: Այնուհետեւ ՌԱՄԿ ցանցի տնօրեն Ռ. Ռուֆֆինին, Նեապոլի աստղադիտարանի տնօրեն Մ. Դելլա Վալլեն եւ ՌԱՄԿ ցանցի հայկական մասնաճյուղի ղեկավար Ն. Սահակյանը հանդիպեցին ՀՀ ԱԺ նախագահ Գ. Սահակյանի հետ:
Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը կարեւորեց գիտության դերը մեր երկրի զարգացման գործում՝ պատվաբեր համարելով Հայաստանի անդամակցությունը ՌԱՄԿ ցանցին Իտալիայի, Բրազիլիայի եւ Վատիկանի հետ համատեղ: Կարեւորելով գիտաժողովի անցկացումը Երեւանում՝ Գ. Սահակյանը նշեց, որ Հայաստանում աստղագիտության ոլորտում հետազոտությունների եւ ուսումնասիրությունների կազմակերպումը հիմնված է գիտական խորը ավանդույթների եւ ներուժի վրա, ու այս գործում մեծ է Վ. Համբարձումյանի եւ նրա դպրոցի դերը: Նա բարձր գնահատեց Հայաստանում հիմնադրված ՌԱՄԿ ցանցի տարածաշրջանային կենտրոնի դերը, որը մեծ նշանակություն կարող է ունենալ հայ գիտնականների ներուժն օգտագործելու, հետազոտություններին աջակցելու, ուսումնական ծրագրեր իրականացնելու գործում:
Գիտաժողովի ընթացքում ստացված հետաքրքիր արդյունքները տպագրվելու են առանձին գրքի տեսքով (գիտաժողովի նյութեր):