Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները Բուենոս Այրեսում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երկու երկրների հարաբերություններն առանցքային են բազմաբեւեռ աշխարհի համար:
«Մենք ցանկանում ենք խորացնել մեր հարաբերությունները: Հարաբերություններ, որոնք դուք բնորոշեցիք որպես ռազմավարական: Դրանք ռազմավարական են, քանի որ առանցքային են բազմաբեւեռ աշխարհի համար: Իսկ բազմաբեւեռ աշխարհի կարիք ամենից շատ մենք՝ հարավամերիկացիներն ու լատինաամերիկացիներն ունենք, Կարիբյան ավազանի երկրների բնակիչները»,- Интерфакс-ի փոխանցմամբ՝ ասել է Քիրշները:
Բացի այդ, Արգենտինայի նախագահը նշել է, որ Ռուսաստանի եւ Արգենտինայի գործարարները պետք է կարողանան ռազմավարական գործընկերներ դառնալ:
Հանդիսավոր ընթրիքի ավարտին Քրիստինա Քիրշներն իր ռուսաստանցի գործընկերոջը բանդոնեոն է նվիրել. երաժշտական գործիք, որն օգտագործվում է տանգոյի ժամանակ:
Արարողությունը վարողը պարզաբանել է, որ այդ նվերն «Արգենտինայի, արգենտինական մշակույթի եւ եղբայրական հարաբերություների խորհրդանիշն է»: Իր հերթին, Պուտինը Քիրշներին ձեռագործ արծաթե զարդատուփ է նվիրել: