News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արագաչափերի, տեսախցիկների և կարմիր գծանշանների դեմ պայքարող «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը հուլիսի 17-ին սկսում է խախտումների համար վարորդների ստացած տուգանքների բողոքարկումը: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, լրագրողներին ասաց նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը:

«Մենք անցնում ենք պայքարի հաջորդ փուլ, կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին տուգանքների կտրոնները բերել մեր գրասենյակ, եւ մենք դրանք ամբողջը կբողոքարկենք»,-ասաց Վարդան Հակոբյանը՝ նշելով, որ բողոքարկամ համար արդեն իրավաբանների խումբ է ձեւավորվել, իսկ բողոքներն իրենք կընդունեն վաղը առավոտվանից իրենց գրասենյակում: Վարդան Հակոբյանը տեղեկացրեց նաեւ, որ մինչեւ այս իրենք մի քանի նման հայցերով դիմել են դատարան, իրենց բողոքները բավարարվել են:

«Այս ոլորտում այնքան օրենսդրական բացեր կան, որ հերիք է՝ քաղաքացին որոշի իր իրավունքները պաշտպանել, ինքը կպարզի, որ պաշտպանված է ավելի շատ, քան գիտեր  մինչեւ այդ»,-նշեց Վարդան Հակոբյանը: Նրա խոսքով՝ իրենց նախաձեռնությունը պայքարի մի առանձին ձեւ է, ինչպես, օրինակ, ավտոերթը:

«Մենք վարորդներին ուզում ենք ասել՝ մի մուծեք այդ տուգանքները ոչ միայն նրա համար, որ այդ 5000 դրամը ձեզ պետք կգա: Դատարանում ակտը բողոքարկելը պայքարի շատ կարեւոր ձեւ է: Մենք պատրաստվում ենք վարչական դատարանը ողողել ակտեր  բողոքարկելով: Պատկերացրեք՝ օրական 4000 խախտում է արձանագրվում: Ի՞նչ կլինի դատարանի վիճակը, եթե օրական գոնե դրանց չնչին մասը բողոքարկվի»,- ասաց Վարդան Հակոբյանը՝ նշելով, որ եթե անգամ ոչ բոլոր բողոքները բավարարվեն, այնուամենայնիվ, վարորդները հնարավորություն կունենան մի քանի ամսով հետաձգել տուգանքի մուծումը:

Նախաձեռնության անդամ Արմեն Եփրեմյանը տեղեկացրեց, որ վարորդներն իրենց կարող են դիմել 095 95 62 30 հեռախոսահամարով: Նա նաեւ նշեց, որ իրենք դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին՝ կարմիր գծանշանների առկայության սահմանադրականությունը ուսումնասիրելու խնդրանքով:

«Մենք համագործակցում ենք ՄԻՊ-ի հետ, դիմում ենք տվել իրենց, իրենք վերանայում են՝ արդյոք կարմիր գծերի գոյությունը չի հակասում Սահմանադրությանը: Հետո դա կներկայացնենք Սահմանադրական դատարան: Բացի այդ՝ ՄԻՊ-ն արդեն դիմել է Սահմանադրական դատարան` կապված քաղաքացիների բանկային հաշիվների, գույքի վրա ԴԱՀԿ-ի կողմից դրված կալանքների հետ»,-ասաց Արմեն Եփրեմյանը՝ նշելով, որ գործն ընթացքի մեջ է, դեռ նիստի օր նշանակված չէ:

Նշենք, որ իրենց այս նախաձեռնության մասին քաղաքացիներին իրազեկելու համար նախաձեռնությունը հուլիսի 17-ին վեցերորդ ավտոերթը կանցկացնի՝ «Չենք մուծում,  բողոքարկում ենք բոլոր ակտերը» կարգախոսով:

Հիշեցնենք, որ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը պահանջում է վերացնել կարմիր գծերը, 5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները, մինչեւ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում և դադարեցնել բոլոր տեսակի տուգանքները մինչև նոր կանոնակարգի հաստատվելը:

Տպել
Ամենաշատ