News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ոստիկանները նոյեմբերի 5-ին բարձրախոսով չեն հայտարարել, որպեսզի երթի մասնակիցները փողոցը հատեն նախատեսված մասով, քանի որ երթի կազմակերպիչ Շանթ Հարությունյանը մինչեւ երթը ոստիկաններին խնդրել էր բարձրախոսով հայտարարություն չանել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ  համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Նոյեմբերի 5-ի գործով տուժող  ճանաչված, ՀՀ Ոստիկանության Երևանի Հատուկ ջոկատի 4-րդ վաշտի հրամանատար Գեղամ Խաչատրյանը:

Այս հայտարարությունը բարկացրեց ամբաստանյալ Շանթ Հարությունյանին. «Ես տենց բան չեմ ասել, ինչի ես շառ անում, գլխիս սարքում ես»։

Դահլիճում խառնաշփոթ սկսվեց. տուժողն ու ամբաստանյալները սկսեցին վիճել։ Դատավորը կես ժամ ընդմիջում հայտարարեց։

Մինչեւ ընմիջումը Գեղամ Խաչատրյանն ասել էր, որ  եթե նոյեմբերի 5-ին երթի մասնակիցները իրենց դիմեին եւ խնդրեին օգնել անցնել փողոցը, իրենք  թույլ կտային, եւ նման դեպք գուցե չպատահեր։

«Խառանշփոթը սկսվեց Շանթ Հարությունյանի փողոց դուրս գալուց հետո, դրանով սկսվեց ամեն ինչ։ Մեկ քառորդ մասով փողոց դուրս եկան ։ Մենք հորդորում էին փողոցից դուրս գալ, եթե որեւէ մեկը մեզ լսեր, մենք համաձայնության կգայինք եւ, հնարավոր է, ժամանակավորապես դադարեցնելով երթւեկությունը, թույլ կտայինք անցնել  ոչ երթեւեկելի գոտով։ Բայց կարելի է ասել, որ նրանց գործողություններն ուղղված էին դեպի ոստիկանությունը»,- ասաց տուժողը։

Ամբաստանյալներ Տիգրան Պետրոսյանի եւ Արմեն Հովհաննիսյանի փաստաբան Արա Զաքարյանի  հարցին, թե ով է առաջինը դուրս եկել փողոց, տուժող Գեղամ Խաչատրյանը պատասխանեց. «Շանթ Հարությունյանը եւ իր համախոհները»։ Դա զարմացրեց փաստաբանին. «Ո՞նց էիք որոշում՝ նրանք  երթի մասնակի՞ց են, անցնող  քաղաքացի՞, թե՞ լրագրող»։

Ոստիկանն ասաց, որ երթի մասնակիցներին տարբերակել է  նրանց ձեռքին եղած փայտերով եւ դիմակներով։

Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):

Տպել
Ամենաշատ