News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը մերժել է «Աֆրիկյանների տան» քանդման գործով քրգործի հարուցումը: Դեռեւս հունիսի 16-ին «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոն հասարակական կազմակերպությունը հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին, որ ՀՀ կառավարության թիվ 1616-Ն որոշմամբ Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում ընդգրկված <Աֆրիկյանների տուն> պատմամշակութային հուշարձանն ապօրինի կերպով քանդվում է։ Հաղորդման հիման վրա նյութեր էին նախապատրաստվում, սակայն NEWS.am-ը այսօր՝ հուլիսի 17-ին տեղեկացել է ոստիկանությունից, որ նախապատրաստված նյութերի արդյունքում մերժվել է քրեական գործի հարուցումը:

Ոստիկանությունը հետեւյալ փաստարկներով է հիմնավորել քրեական գործի հարուցման մերժումը: «ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում նյութերի նախապատրաստմամբ հիմնավորվել է, որ «Աֆրիկյանների բնակելի տուն» պատմամշակութային հուշարձանը ընդգրկելով Հայաստանի Հանրապետության Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում եւ Երեւան քաղաքի տեղափոխման ենթակա պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում, ՀՀ Կառավարությունը թույլատրել է հիշյալ հուշարձանի տեղափոխումը։

ՀՀ Կառավարության 2010 թվականի օգոստոսի 5-ի որոշմամբ Երեւան քաղաքի Տերյան 11 հասեցում գտնվող բնակելի տան կառուցապատման իրավունքի ձեռքբերող է ճանաչվել «Միլենիում կոնստրակշն» ընկերությունը, որին Երեւանի քաղաքապետարանի կողմից 2014 թվականի ապրիլի 2-ին տրված Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցի 11-13 շենքերի քանդման /ապամոնտաժման/ թույլտվությունը հատկացվել է օրենքով սահմանված կարգով, նախքան հուշարձանը տեղափոխելը, պահպանելով «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի պահանջները՝ կատարվել են գիտական ուսումնասիրման, չափագրման եւ լուսանկարման աշխատանքները, շինարարական աշխատանքների կազմակերպման նախագծերը համաձայնեցվել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի եւ Երեւանի քաղաքապետի կողմից։ Միաժամանակ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածով սահմանված ստուգողական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համակցությամբ հաստատվել է, որ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոն հասարական կազմակերպության տնօրեն Վ. Հոկտանյանի՝ հաղորդմամբ հայտնած մտահոգությունը՝ ՀՀ Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող «Աֆրիկյանների բնակելի տան» ոչնչացման կամ վնասման վերաբերյալ հիմնավոր չէ, քանի որ նշված շինությունը ապամոնտաժվում է ՀՀ Կառավարության որոշման հիման վրա, «Հին Երեւան» ծրագրի իրականացման համար նախատեսվող «Գլխավոր» պողոտայի Աբովյան-Բյուզանդ-Արամի-Կողբացի փողոցների միջեւ ընկած տարածքում տեղափոխման համար հատկացված հողամասում հուշարձանի վերականգնման համար՝ ՀՀ եւ միջազգային օրենսդրությունների պահպանմամբ։ Այսպիսով, ելնելով վերոգրյալից` նախապատրաստված նյութերով մերժվել է քրեական գործի հարուցումը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով»:

Տպել
Ամենաշատ