
Հայաստանի Հարավային երկաթուղու (Իրան-Հայաստան) շինարարության արժեքի 60%-ը կարելի է Չինաստանից ստանալ: Այս մասին ասված է երկաթուղու կառուցման հայեցակարգի վերաբերյալ Հայաստանի Ֆինանսների նախարարության եզրակացությունում: Շինարարության համար պատասխանատու է Տրանսպորտի նախարարությունը:
Նախագծա-հաշվարկային փաստաթղթերի համաձայն՝ երկաթուղու կառուցման համար 3 մլրդ 207 մլն դոլարի ներդրում է անհրաժեշտ՝ առանց հաշվի առնելու հողատարածքների գնումն ու դրանց սեփականատերերի վերաբնակեցումը, ինչպես նաեւ սարքավորումների եւ աշխատողների համար նախատեսված հարկերն եւ մաքսատուրքերը:
Նախագծի արժեքի 60%-ը կարելի է ստանալ Չինաստանի Արտահանման-ներմուծման բանկից, տարեկան 3.5%-ով: Ծրագրվում է միջոցներ ներգրավել նաեւ տարածաշրջանի շահագրգիռ պետություններից: Ֆիննախը նշում է, որ այդպիսի երկրների հետ (Իրան, Վրաստան, Ռուսաստան) հնարավոր համատեղ ֆինանսավորման շուրջ բանակցություններ դեռեւս չեն տարվում:
Ավելի վաղ Հայաստանի ֆինանսների նախարարության «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՊՓԲԸ-ի տնօրեն Աշոտ Շահնազարյանը NEWS.am-ին հայտարարել էր, որ երկաթուղու շինարարության ժամկետը 6 տարի է, ծախսածածկումը՝ 28 տարի, շահագործումը՝ 50 տարի: Աշխատանքների մեկնարկն ակնկալվում է 2015 թվականի առաջին կիսամյակում: Շինարարության արժեքը կարող է կազմել շուրջ 3.5 մլրդ դոլար:
Ենթադրաբար Իրան-Հայաստան երկաթուղու հայկական հատվածի երկարությունը կազմելու է 316 կմ: Այն Իրանի հետ սահմանից (Մեղրի) հասնելու է Սեւանա լճից ոչ հեռու տեղակայված Գագարին քաղաք, որտեղ էլ միանալու է արդեն գործող երկաթգծին: Նախագծի ներդրողներն առայժմ ամբողջությամբ հստակեցված չեն: