News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 22
USD
482.12
EUR
546.68
RUB
6.3
Տեսնել լրահոսը


Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախման ժամանակ բերման ենթարկված ազատամարտիկ Վարդան Վարդանյանին ոստիկանական բաժանմունքում ծեծել է Հայաստանի ոստիկանապետ Վովա Գասպարյանը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ  համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Նոյեմբերի 5-ի գործով դատական նիստին իր ցուցմունքում ասաց ամբաստանյալը:

«5 հոգով ինձ բռնել են, ու ծեծել են: Վովա Գասպարյանը ծեծել է իր քննիչների եւ բաշիբոզուկների հետ: Դուրսն էի, թող գար, այդ ժամանակ ինձ ծեծեր: Ոչ թե ծեծելուց եմ վիրավորված, այլ որ ֆորմայիս վրայից մեդալս գողացել են: Ծեծում ա, լավ ա անում, բայց որ մեդալները տարան, դա ամենավերջին հայը կաներ: Ես ամեն մի մեդալի համար սահմանին մի լիտր արյուն եմ թողել»,- ասաց ազատամարտիկը:

Նրա խոսքով՝ քննիչներն իրենց ստիպել են նախաքննական ցուցմունքների տակ ստորագրել, մինչդեռ իրենք չեն էլ ցանկացել ցուցմունք տալ. «Ես ճիշտ ա՝ հրաժարվել եմ ցուցմունք տալուց, բայց կանգնել, ասում էին՝ քո տղան զինվորական ա, հեսա թիկունքից կխփենք: Ինչ թուղթ էլ տային, կստորագրեի, բա ի՞նչ պիտի անեի»:

Ազատամարտիկը նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակ է գնացել, որովհետեւ ցանկացել է պայքարել ոստիկանական համակարգի բարեփոխման եւ իր երազած հայրենիքի համար:

Նշենք, որ այսօր ցուցմունք ենք տալիս ամբաստանյալները:

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):

Տպել