News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նյախագահ Հովիկ Աբրահամյանը ՀՊՏՀ-ում մասնակցել է Բրիտանական բիզնես դպրոցի բացմանը: Կառավարության ղեկավարը շրջել է դպրոցով՝ ծանոթացել ստեղծված ուսումնական պայմաններին եւ առաջիկա ծրագրերին:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով դպրոցի հիմնադրումը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կրթության ոլորտը Հայաստանի կառավարության ծրագրի կարեւորագույն ուղղություններից է, եւ պետությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում երկրի կրթական համակարգի շարունակական կատարելագործման եւ արդիականացման խնդիրները: «Մրցունակ պետություն՝ նշանակում է մրցունակ կրթական եւ գիտական համակարգ: Այսպես է սահմանված Հայաստանի կառավարության ծրագրում: Այսօր դժվար է պատկերացնել մրցունակ լինելու գաղափարը, եթե ազգային տնտեսությունը հենված չէ առաջատար գիտելիքների վրա: Ուշադրության կենտրոնում պահելով կրթական համակարգի խնդիրները՝ մենք փորձում ենք հնարավորինս աջակցել եւ բարենպաստ պայմաններ ստեղծել նաեւ բարձրագույն ուսումնական հաստատությունների զարգացման համար»,- ընդգծել է վարչապետը: Այս համատեքստում կառավարության ղեկավարը կարեւորել է կրթության բնագավառում հերթական խոշոր նախագծի իրականացումը՝ ՀՀ կառավարության որոշմամբ Պետական տնտեսագիտական համալսարանում Բրիտանական բիզնես դպրոցի հիմնումը:

Հովիկ Աբրահամյանը բրիտանական առաջատար փորձի կիրառումը Հայաստանում համարել է նշանակալի ձեռքբերում: Վարչապետի խոսքով՝ այս նախաձեռնությունը բուհերի միջազգայնացման, համալսարանների հեղինակության բարձրացման լավ օրինակ է:«Հատկապես կարեւորում եմ այն հանգամանքը, որ լինելով միակը մեր տարածաշրջանում՝ Բրիտանական բիզնես դպրոցը ձեռք է բերում տարածաշրջանային կարգավիճակ՝ ընձեռելով նաեւ օտարերկրացիներին բրիտանական չափանիշներին համապատասխան կրթություն ստանալու հնարավորություն»,- ասել է Հովիկ Աբրահամյանը՝ հույս հայտնելով, որ այս նախագծի իրականացումը խթան կհանդիսանա նաեւ Հայաստանի այլ բուհերի համար: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ աշխարհի առաջատար համալսարանների հետ շփումներն ու համագործակցությունը մեծապես կնպաստեն հայաստանյան կրթական համակարգի հետագա զարգացմանը:

Դպրոցի բացմանը ելույթով հանդես եկան ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչը, Անգլիա Ռասկին համալսարանի պրոռեկտոր Թրեվոր Բոլթոնը, Լոնդոնի կոմերցիայի դպրոցի ներկայացուցիչ Գրոգոր Դուգլասը եւ ուրիշներ:

Հայաստանում Բրիտանական բիզնես դպրոցը ստեղծվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի եւ «Globe Education (GB) LTD» ՍՊԸ-ի համագործակցության շրջանակներում: «Globe Education (GB) LTD»-ի գործընկերները 4 բրիտանական բուհեր են, որոնցից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համագործակցելու է Անգլիա Ռասկին համալսարանը:

ՀՀ կառավարության 2013 թ. որոշմամբ՝ համատեղ բիզնես դպրոցի բաժնեմասի 51 տոկոսը կտնօրինի «Globe Education (GB) LTD»-ն, 44 տոկոսը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, իսկ 5 տոկոսը՝ ՀՀ կառավարությունը:

Բիզնես դպրոցն արդեն իսկ օգոստոսի 29-ին հայտարարել է ընդունելություն բիզնեսի կառավարման բրիտանական մագիստրոսական ծրագրի համար: Դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողները կստանան բրիտանական միջազգային ճանաչում ունեցող Անգլիա Ռասկին համալսարանի մագիստրոսի դիպլոմ: Հայաստանում բրիտանական բիզնես դպրոցի ուսանողները բացառիկ հնարավորություն են ունենալու ուսումնառության ընթացքում, նույն ուսման վարձի շրջանակներում, երկու մոդուլի մասնակցել Լոնդոնի Կոմերցիայի դպրոցի այլ մասնաճյուղերում, այդ թվում՝ Լոնդոնում, Մալթայում եւ այլուր:

Դասավանդումն իրականացնելու են Մեծ Բրիտանիայից ժամանած դասախոսները՝ տեղացի բարձր որակավորում ունեցող մասնագետների հետ համագործակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ