ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը խղճում է այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Հրազդանում ոչ իշխանական եռյակի հանրահավաքը խանգարող կանանց։
«Գիտեք, թեթեւ տարեք, կանայք են, այդպես էլ կլինի, օրվա հացի փող պետք է վաստակեն, ամեն մեկը չէ, որ ունի քաղաքացիական գիտակցություն, եւ ամեն մեկը չէ, որ ունի պարկեշտություն։ Ամեն տեսակի մարդ էլ կարող է հանդիպել, ես շատ ըմբռնումով եմ մոտենում, ուղղակի պետք է խղճալ նրանց»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Նաիրա Զոհրաբյանը պատմեց, որ զրուցել է նրանցից մեկի հետ. «Ես նույնիսկ մոտեցա նրանցից մեկին, ձեռքս դրեցի ուսին, ասացի՝ մայրիկ ջան, հասկանում եմ՝ ինչի ես ստիպված էսպիսի աղմուկ բարձրացնել, ինքն էլ ասա՝ հա, հասկանո՞ւմ եք, ես էլ ասացի՝ իհարկե հասկանում եմ»։
ԲՀԿ խմբակցության ղեկավարի խոսքով՝ հանրահավաքին այսօր եկել են նրանք, ովքեր չեն վախեցել Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի եւ գյուղապետերի ճնշումներից։
«Ես ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր չեն վախեցել մարզպետից, քաղաքապետից, որովհետեւ մենք գիտենք, որ երեկվանից ինչպես են ահաբեկում, ինչպես են վախեցրել բնակիչներին տներով ընկած։ Ովքեր ունեցել են քաղաքացիական համարձակություն, եկել են»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Նշենք, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր ելույթում նույնպես անդրադարձել էր ճնշումներին։
«Էս մարզպետը, որ այսօր հրամայել է բոլոր գյուղապետերին, որ վախեցնեն իրենց գյուղացիներին, գյուղապետերն էլ, որ եկել են, տեսնեն, թե իրենց գյուղացիներից ով է եկել։ Գյուղապետերին եմ ուզում հարցնել՝ դուք էլ ե՞ք ուզում Լիսկա լինել, դրանո՞վ եք դուք ապրելու, բռնաբարելու ժողովրդի կամքը»,- ասաց Զուրաբյանը՝ նշելով, որ իշխանությունը եռյակից վախեցած է, դրա համար էլ «ողորմելի» մեթոդների է դիմում։
Նշենք, որ Հրազդանի հանրահավաքին մասնակցում էր 200-300 քաղաքացի, որոնց մի մասը մեր թղթակցի հաղորդմամբ, մայրաքաղաքից էր։ Եռյակն այս սակավաթիվ լինելը բացատրում է մարզպետի կողմից ճնշումներով։
Հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում համապետական հանրահավաքին ընդառաջ ոչ իշխանական եռյակի հաջորդ հանրահավաքը նախատեսված է սեպտեմբերի 28-ին Սիսիանում եւ Կապանում։











