News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 17
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Վայոց ձորի մարզ՝ մասնակցելու Ռինդ համայնքի տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Ավանդույթի համաձայն՝ հոկտեմբեր ամսվա առաջին շաբաթվա ընթացքում այս մարզում տեղի է ունենում գինու, բերք ու բարիքի փառատոն, որի շրջանակում այսօր նշվել է նաեւ Ռինդ գյուղի օրը:

Երկրի վարչապետը նախ շրջայց է կատարել համայնքում տեղակայված «Զորահ» գինեգործական ընկերության տարածքում, ծանոթացել արտադրական հնարավորություններին, հետաքրքրվել ընթացիկ եւ առաջիկա ծրագրերով: Ընկերության հիմնադիր Զորիկ Ղարիբյանը նշել է, որ արդեն 10 տարի իրականացվող ներդրումային այս ծրագրի նպատակն է Հայաստանն աշխարհին ներկայացնել որպես որակյալ գինի արտադրող երկիր եւ «Արենի» խաղողի տեղական սորտից պատրաստվող «Զորահ Կարասի» հայկական գինին մրցունակ դարձնել միջազգային շուկայում: Ուշադրության կենտրոնում պահելով արտադրանքի որակը՝ ընկերությունը ծրագրում է տարեցտարի ավելացնել արտահանման ծավալը: Արտահանման շուկան հիմնականում եվրոպական երկրներն են, ԱՄՆ-ն, Ռուսաստանը: Այսօր արտահանման ծավալը կազմում է տարեկան 40-50 հազար շիշ, նախատեսվում է այդ ցուցանիշը հասցնել տարեկան 100 հազարի: Վարչապետը կարեւորել է ծրագրի շարունակական իրականացումը եւ ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն հայտնել անհրաժեշտության դեպքում աջակցել այդ գործընթացին:

«Զորահ» գինու գործարանից Հովիկ Աբրահամյանն ուղեւորվել է համայնքի կենտրոնական հրապարակ՝ ռինդեցիների հետ միասին գյուղի տոնը նշելու նպատակով: Վարչապետը շնորհավորել է գյուղացիներին տոնի առթիվ՝ նշելով, որ կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահում համայնքների համաչափ զարգացման խնդիրը:

Ռինդեցիները շնորհակալություն են հայտնել ՀՀ վարչապետ, համայնքի պատվավոր քաղաքացի Հովիկ Աբրահամյանին՝ գյուղի զարգացման տարբեր ծրագրերին աջակցելու համար: Մասնավորապես, Հովիկ Աբրահամյանի օժանդակությամբ համայնքում կառուցվել է 2 կմ երկարությամբ ոռոգման ջրագիծ, շահագործման է հանձնվել Մոմիկասար գյուղատեղի խմելու ջրի արտաքին ցանցը, հիմնովին վերանորոգվել է խմելու ջրի ներքին ցանցի 2650 մ երկարությամբ հատվածը:

Կառավարությունն աջակցություն է ցուցաբերել համայնքի գյուղացիական տնտեսություններին նաեւ գյուղմթերքների իրացման եւ բնական աղետների հետեւանքների հաղթահարման հարցում: 2015 թ. նախատեսվում է վերանորոգել գյուղի խմելու ջրի ներքին ցանցի մնացած հատվածը, իրականացնել կոյուղագծի, արոտավայրերի բարելավման, ինչպես նաեւ ոռոգման նոր ջրագծերի կառուցման աշխատանքներ, ինչի արդյունքում ոռոգելի կդառնա համայնքի հողերի գրեթե 80 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский and Türkçe
Տպել
Partner news