News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն հոկտեմբերի 2-ին Աշոցքի հիվանդանոցի քույր, ազգությամբ ֆրանսիացի Մարի Նոել Լոկատելիին (Marie-Noëlle Locatelli)՝ Քույր Նոելին, պարգեւատրել է Ֆրանսիայի Հանրապետության բարձրագույն պարգեւով՝ Պատվո լեգեոնի շքանշանով

NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Քույր Նոելի հետ՝ պարզելու, թե ինչու է Հայաստանի հետ բացարձակապես ոչ մի կապ չունեցող բուժքույրը 23 տարի առաջ եկել Շիրակ:

Քույր Նոել, շնորհավորում ենք Ձեզ՝ «Պատվո լեգեոն» շքանշան ստանալու կապակցությամբ: Ե՞րբ եւ ինչո՞ւ որոշեցիք գալ Հայաստան:

Հայաստանի մասին առաջին անգամ լսել եմ 1977թ.-ին, երբ Լիբանանում էի ապրում եւ այնտեղ օգնում էի անապահով հայերին: Կապս հայերի հետ այդ ժամանակ հաստատվեց, ես եկա Հայաստան կարճ ժամանակով, իսկ արդեն 1988թ.-ին լսելով Գյումրիի երկրաշարժի մասին, եկա Հայաստան՝ խնամելու վիրավորներին՝ որպես կամավոր, եւ այսպես արդեն 23 տարի է՝ այստեղ եմ:

Հայկական արմատներ չունե՞ք:

Ոչ, մեջս հայկական ոչինչ չկա, ծագումով իտալացի ենք, ինքս ֆրանսուհի եմ, իսկ ծնողներն էլ Լիբանանում են ապրել:

Երկրաշարժից այսքան տարի անց էլ Շիրակում խնդիրները շատ են: Երբեւիցե զղջացե՞լ եք Հայաստան գալու կամ Ձեր հարազատներին Լիբանանում թողնելու համար:

Ինչի՞ պիտի զղջամ (ծիծաղում է-հեղ.): Խնդիրներն իհարկե շատ են, այդ խնդիրներն ամեն օր էլ կան, բայց պետք է լուծել: Ես ուրախ եմ, որ այստեղ եմ ու օգնում եմ մարդկանց: Օտարերկրացու համար իհարկե դժվար է այստեղ ապրելը, գոյատեւելը, բայց ես ընդհանրապես չեմ զղջում:

Քույր Նոել, Դուք Հայաստան եք եկել՝ չիմանալով հայերեն, սակայն այսօր շատ լավ արեւմտահայերեն եք խոսում:

Այո, Լիբանանում եմ սովորել, այնտեղի հայերից, իսկ ձեր խոսակցական լեզուն չեմ կարողանում սովորել, ուրիշ շատ լեզուներ եք խառնում, ինձ համար դժվար է այն սովորելը: Ռուսերենն եք խառնում, անգլերենն եք խառնում, դրա համար չեմ կարողանում: Բայց չեմ բողոքում, իմ հիվանդներն ինձ հասկանում են: Երբ էլ չեն հասկանում, սկսում եմ այլ լեզուներով բացատրել:

Ինչո՞վ եք այսօր զբաղվում Հայաստանում:

Աշխատում եմ Աշոցքի հիվանդանոցում, բացի դրանից՝ համագործակցում ենք իտալացի եւ ֆրանսիացի ընտանիքների հետ, ովքեր հովանավորում են Աշոցքի շրջանի, Գյումրիի եւ նույնիսկ Երեւանի անապահով ընտանիքներին:

Քույր Նոել, զգացվում է, որ Հայաստանը շատ եք սիրում եւ ուրախ եք՝ այստեղ գտնվելու համար: Արդյո՞ք այստեղ գտաք նաեւ Ձեր անձնական երջանկությունը:

Ոչ, ես մենակ եմ, բայց էնքան էլ մենակ չեմ (ծիծաղում է-հեղ.): Հա ինչո՞ւ եմ մենակ, կողքս այսքան շատ մարդ կա, ինձ հետ աշխատող մարդիկ իմ ընտանիքի անդամներն են: Հայաստանում ոչ մի ազգական չունեմ, բոլորը Լիբանանում են: Աշոցքում ինձ բոլորն են շատ սիրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ