News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Երեւանի կենդանաբանական այգին սեպտեմբերին կհամալրվի առնվազն յոթ-ութ նոր կենդանատեսակներով։ Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ բացառիկ զրույցում հայտարարեց այգու տնօրեն Սահակ Աբովյանը։

Նրա տեղեկացմամբ, նոր կենդանատեսակների համալրումը նախատեսվում է կատարել փոխանակման հիմունքներով։ «Ռուսաստանից, Ուկրաինայից եւ Տաջիկստանից կբերենք տարբեր տեսակի կենդանիներ՝ փոխարենը նրանց առաջարկելով մի շարք թռչուններ»,- տեղեկացրեց նա։

Հարցին, թե կենդանաբանական այգու յուրաքանչյուր բնակչի կարիքները հոգալու համար (սնունդ, դեղորայք եւ այլն) որքա՞ն գումար է տարեկան կտրվածքով հատկացվում պետբյուջեից, Սահակ Աբովյանն ասաց. «Միայն կենդանիների սնունդի համար տարեկան կտրվածքով ծախսվում է 120-130 մլն դրամ, իսկ դեղորայքի համար տրամադրվում է շուրջ 1 մլն դրամ»,- նշեց այգու տնօրենը։

Նա նաեւ տեղեկացրեց, որ կենդանաբանական այգու վերանորոգման եւ բարեկարգման աշխատանքների համար պետությունն այս տարի առանձին գումար չի տրամադրել, եւ դրանք կիրականացվեն բացառապես այգու սեփական միջոցներով։ «Առաջ այդպիսի հատկացումներ նախատեսված էին, սակայն այժմ դրանք սառեցվել են։ Հիմա ամեն ինչ անում ենք մեր ուժերով»,-ամփոփեց Աբովյանը։

Նշենք, որ մինչեւ 6 տարեկան երեխաների համար Երեւանի կենդանաբանական այգու մուտքն անվճար է, 6 տարեկանից բարձր երեխաների եւ մեծահասակների համար՝ 300 դրամ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ