News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը այսօր`հոկտեմբերի 18-ին, Գյումրի կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում հրաժարվեց գնահատական տալ «Նոյեմբերի 5»-ի գործով ամբաստանյալների դատավճռին:

Նախարարի  խոսքով` քանի դեռ վճիռը օրինական ուժի մեջ չի մտել, ինքը չի կարող որեւէ գնահատական հնչեցնել:

«Ես այս պահին ձեռնպահ կմնամ որեւէ  գնահատական տալուց, որեւհետեւ  այդ դատական ակտը օրինական ուժի մեջ մտած չէ: Ամենայն հավանականությամբ այդ դատական որոշումը  կբողոքարկվի Վերաքննիչ դատարանում.  եւ դա նկատի ունենալով, եվ նպատակ ունենալով զերծ մնալ դատական համակարգի  եւ  դատարանների, մասնավորապես, Վերաքննիչ դատարանի նկատմամբ որեւէ  ազդեցությունից, ես դրա վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չեմ անի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննես Մանուկյանը:

Անդրադառնալով Կոլումբիայի համալսարանում Սերժ Սարգսյանի հնչեցրած այն գնահատականին, որ Շանթ Հարությունյանը հանցագործություն է արել, ինչը «Նոյեմբերի 5-ի» գործով ամբաստանյալների փաստաբանների կողմից դիտարկվել էր որպես անմեղության կանխավարկածի խախտում, արդարադատության նախարարն ասաց, որ իր, որպես իրավաբանի կարծիքով, նախագահն անմեղության կանխավարկածը չի խախտել, այլ ընդամենը «հռետորական հարցադրում է արել» այն մասին, թե օրինակ նույն արարքի կամ հանցագործության դեպքում ինչ հետեւանք կարող էր ունենալ դա որեւէ այլ երկրում։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  «Նոյեմբերի 5»-ի գործով 13 ամբաստանյալները հոկտեմբերի 17-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից մեղավոր ճանաչվեցին հիմնականում ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն) եւ դատապարտվեցին 1-7 տարվա ազատազրկման, այդ թվում նոյեմբերի 5-ի ակցիան նախաձեռնած Շանթ Հարությունյանը` 6 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել 14 մարդու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ