News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
USD
477.78
EUR
534.35
RUB
7.43
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանը Հորդանան կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր հյուրընկալվել է մայրաքաղաք Ամմանի քաղաքապետարանում:

Ողջունելով Հայաստանի նախագահին եւ նրա գլխավորած պատվիրակության կազմում Հորդանան ժամանած Երեւանի քաղաքապետին ու պաշտոնական պատվիրակության բոլոր անդամներին՝ Ամմանի քաղաքապետ Ակել Բիլթաջին իր խոսքում անդրադարձել է հայ-արաբական պատմական առնչություններին ու բարեկամությանը՝ վկայակոչելով այդ բարեկամության հաստատման գործում մեծ դերակատարում ունեցած մի շարք անհատների: Քաղաքապետ Բիլթաջին դրվատանքով է խոսել հայ ժողովրդի մասին՝ ընդգծելով, որ հայերը բոլոր ոլորտներում շատ հմուտ եւ որակյալ մասնագետներ են, գիտնականներ, բժիշկներ, արվեստագետներ… Նա գոհունակությամբ է նշել, որ Հայաստանի նախագահի այցի կապակցությամբ կազմակերպված հանդիպմանը քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցներից բացի, ներկա են նաեւ Ամմանի հարգված եւ պատվարժան հայ գործիչներ: «Սա՛ է Հորդանանը, որ գրկաբաց ընդունում է իր քույրերին ու եղբայրներին, գաղթի ճանապարհը բռնած եւ աջակցության կարիք ունեցող մարդկանց, սիրով հոգում նրանց ընտանիքների կեցության եւ անվտանգության խնդիրները», - ասել է Ամմանի քաղաքապետը եւ ընդգծել, որ իսլամը չի ընդունում ատելություն, արյունահեղություն, հակակրանք, իսլամի առաքելությունը սիրո, գթասրտության եւ խաղաղության մեջ է:

Ակել Բիլթաջին մեծ պատիվ է համարել քաղաքապետարանում բարեկամ Հայաստանի նախագահին հյուրընկալելը եւ երեքուկես միլիոն ամմանցիների անունից նախագահ Սերժ Սարգսյանին է հանձնել Ամման քաղաքի բանալին, որը, նրա խոսքով, խորհրդանշում է արդեն քույր քաղաքներ դարձած Ամմանի եւ Երեւանի հավերժ բարեկամությունը:

Նախագահը շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Բիլթաջիին՝ ջերմ ընդունելության համար եւ գոհունակությամբ խոսել իր պաշտոնական այցի շրջանակներում կայացած հայ-հորդանանյան բարձր մակարդակի բանակցությունների մասին՝ ընդգծելով, որ ի դեմս Հորդանանի Թագավոր Աբդալլահ Երկրորդի՝ հանդիպել է քաղաքական շատ լայն տեսադաշտ ունեցող ղեկավարի եւ անկեղծորեն ուրախ է, ուրախ է նաեւ Հայաստանի ու Հորդանանի՝ դարավոր պատմություն ունեցող բարեկամության համար: Ամմանի քաղաքապետարանում եւս Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ արաբ ժողովրդին՝ անցած դարասկզբին ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի հարյուր հազարավոր զավակների կյանքը փրկելու եւ ապաստան տրամադրելու համար: Նախագահի խոսքով, հայերն այդ բարի վերաբերմունքին խորը հարգանքով եւ երախտագիտությամբ պատասխանեցին՝ իրենց ողջ հնարավորությունները ներդնելով այդ երկրի զարգացման գործում եւ ուրախ է, որ այդ մասին լսում է նաեւ Ամմանի հարգարժան քաղաքապետից: «Այսօր կրկնակի ուրախ եմ, որ Ամմանն ու Երեւանը դարձան քույր քաղաքներ: Մենք սիրով սպասում ենք Ամմանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը մայրաքաղաք Երեւանում»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Այսօր երեկոյան Հանրապետության նախագահը հանդիպում է ունեցել նաեւ Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել