Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում այսօր՝ նոյեմբերի 2-ի վաղ առավոտյան քաղաքի գլխավոր ջրատարներից մեկի պայթյունից արտակարգ իրավիճակ է առաջացել: Ջրի շիթն այնքան բարձր է եղել, որ վնասել է մոտակա 5 հարկանի շենքի 15 բնակարաններն ու առաջին հարկում գտնվող մանկապարտեզը:
Ինչպես հաղորդում է Կապանում NEWS.am-ի թղթակիցը, պայթունից ջարդվել են բնակարանների պատուհանները, տները լցվել են հողով, քարերով ու ջրով, շենքի բակն ամբողջությամբ ջրի մեջ է: Վնասվել է նաեւ շենքի տանիքը: Վեց ընտանիք այժմ վերաբնակեցման խնդիր ունի: Վիրավորներ չկան:
Բնակիչները չգիտեն՝ ինչից է առաջացել պայթյունը, նրանք սկզբում կարծել են, թե երկրաշարժ է:
«Դմբ-դմբ ձայներ էին լսվում, վեր կացանք, տեսնենք՝ ջուրը տուն ա հոսում, քարերը լցվում էին տուն: Ասեցինք՝ էս երկրաշա՞րժ ա, թե՞ բնության աղետ: Բախտներս բերել է, որ առավոտյան սենյակի էս հատվածում չէինք»,-NEWS.am-ին հետ զրույցում պատմեց շենքի բնակիչ Զոյա Գալստյանը:
Բնակիչները պատմում են, որ պայթյունից հետո ջուրը միայն կես ժամ հետո է անջատվել: Նրանք մտավախություն ունեն, որ հասցված վնասը վերականգնել չստացվի:
Կապանի քաղաքապետ ԱշոտՀայրապետյանն այսօր նույնպես այցելել էր դեպքի վայր, նա բնակիչներին տեղեկացրեց, որ քաղաքապետարանի կողմից ստեղծվել է հանձնաժողով, որը հաշվում է վնասի չափը:
«Վնասի չափը հաշվվում է ըստ բնակարանների, հաշվում ենք նաեւ ոչ ակնառու վնասները, դրանք եւս չափելի են: Տանիքի հատվածն՝ առանձին, շքամուտքի բակի հատվածը՝ առանձին, ամեն ինչ հաշվում ենք»,- ասաց Աշոտ Հայրապետյանը:
Քաղաքապետը համայնքապետին հանձնարարեց քաղաքի հյուրանոցներից մեկում ժամանակավորապես տեղավորել վերաբնակեցման խնդիր ունեցող վեց ընտանիքներին:
Շենքն այժմ հոսանքազրկված է, անջատված է նաեւ գազը: Կատարվում են չորացման եւ մաքրման աշխատանքներ:











