Սարյան փողոցում գտնվող «Բագրատ տուր» տուրիստական ընկերության շենքի վրա արձակվել է երկու կրակոց: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ կրակոցները դիպել են շենքի տարբեր մասերին: Դեպքը եղել է գիշերը, իսկ տարածքում առկա տեսախցիկները ոչինչ չեն ֆիքսել, տեսաձայնագրության մեջ ոչինչ չի երեւում: Առայժմ իրավապահներին չի հաջողվել գտնել կրակոցներ արձակողին:

Դիմեցինք նաեւ «Բագրատ տուր» տուրիստական գործակալության ղեկավար Բագրատ Նավոյանին, ով հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալուց՝  նշելով, թե դրանով զբաղվում են իրավապահները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրերս անհայտ անձինք կրակել են Սարյան փողոցում գտնվող «Բագրատ տուր» տուրիստական ընկերության շենքի վրա: Մուտքի դռան եւ պատուհանի վրա հրազենային վնասվածքներ են հայտնաբերվել:

Թե ովքեր եւ ինչ նպատակով են կրակել, դեռ պարզվում է: Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին:

NEWS.am-ի այս տեղեկությունը չեն հերքել ոստիկանությունից, սակայն մանրամասներ չեն հայտնել. նշել են, որ նշանակվել են փորձաքննություններ, կատարվում է քննություն: