News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր այսօրվա որոշմամբ, 2012 թվականին Երեւանը հռչակվել է համաշխարհային գրքի մայրաքաղաք: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ մշակութի նախարար Հասմիկ Պողոսյանը, հավելելով, որ Հայաստանի կողմից ծրագրին մասնակցելու փաթեթը ներկայացվել էր կես տարի առաջ, որի վրա շատ երկար աշխատանք էր տարվել:

«Փորձել էինք կատարել ներկայացված բոլոր պահանջները, դրա համար էլ հավակնություն ունեինք, որ մեր մայրաքաղաքն է հռչակվելու համաշխարհային գրքի մայրաքաղաք: Երկար փուլային ընտրություններից հետո, ի վերջո, երկու քաղաքներից, որոնք անցել էին վերջին փուլ, ընտրվել է Երեւանը, որի մասին հայտարարվել է հենց այսօր»,- ասել է նախարարը:

Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն էլ նշել է, որ շատ ուրախալի եւ ողջունելի է այս իրադարձությունը, քանի որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդունվել է Երեւանի քաղաքապետարանի հայտը: «Հատկանշական է, որ 2012-ին լրանում է Հակոբ Մեղապարտի կողմից հրատարակված հայերեն տպագիր առաջին գրքի` «Ուրբաթագրքի» 500-ամյակը, որը, ինչպես տեղյակ եք, հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, պատրաստվում ենք նշել մեծ շուքով: Միջոցառումները պատշաճ անցկացնելու համար ստեղծվել է պետական հանձնաժողով: Սա նաեւ առիթ էր, որ մենք գրքի համաշխարհային մայրաքաղաքի կոչման համար հայտ ներկայացնենք»,- հավելել է նա:

Քաղաքապետի խոսքերով, ամեն տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ն եւ Հրատարակիչների, Գրավաճառների եւ Գրադարանավարների երեք միջազգային կազմակերպությունները ընտրում են այն քաղաքը, որը հռչակվում է գրքի համաշխարհային մայրաքաղաք: Նա ընգծել է, որ ընտրությունը կատարվում է քաղաքապետարանների կողմից ներկայացված հայտերի հիման վրա: «Ընտրության համար հիմք են ծառայում առաջարկված միջոցառումների ծրագրի որակը, բազմազանությունը եւ մի շարք այլ գործոններ»,- հավելել է Բեգլարյանը:

Նշենք, որ գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսը մինչ այժմ կրել են 11 քաղաքներ` Մադրիդը (2001), Մոնրեալը (2005), Թուրինը (2006), Ամստերդամը (2008), Բեյրութը եւ այլ: «Բուենոս Այրեսը ընտրվել է գրքի համաշխարհային 11-րդ մայրաքաղաք` 2011թ.: Երեւանն այս պատվաբեր տիտղոսը կրելու է 2012 թ-ի ապրիլի 23-ից մինչեւ 2013-ի ապրիլի 22: Ապրիլի 23-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված է որպես գրքի եւ հեղինակային իրավունքների միջազգային օր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ