ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ի մոտ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության դեմ բողոքող ակտիվիստ, լրագրող Գայանե Առուստամյանին «համբալ» անվանելուց հետո դուրս եկավ ԱԺ-ից եւ փորձեց հաշտվել նրա հետ:
Ակտիվիստները Սամվել Ալեքսայանին ասացին, որ ուզում են, որ նա դեմ քվեարկի ԵՏՄ անդամակցության պայմանագրին, ինչին պատգամավորը պատասխանեց. «Բա առանց ռուսների ի՞նչ ենք անելու»:
«Առանց ռուսների անկախ ենք ապրելու»,-հակադարձեց Գայանե Առուստամյանը. ինչից հետո պատգամավորը դիմեց նրան. «Որ կարըմ ես սենց նորմալ խոսաս, խի՞ չես խոսըմ»:
Գայանե Առուստամյանը պատասխանեց, որ իր համար վիրավորական է, որ պատգամավորը կողմ է ԵՏՄ անդամակցությանը, մեկ այլ ակտիվիստ էլ համոզմունք հայտնեց, որ Սամվել Ալեքսանյանը ներքուստ դեմ է ԵՏՄ անդամակցությանը, ինչից հետո պատգամավորը ժպտաց ու հեռացավ:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ի մոտ պատգամավորը վրդովվել էր, երբ ակցիայի մասնակիցներից Գայանե Առուստամյանն իրեն «Լֆիկ» էր անվանել: «Տո, համբալի մեկը, հեսա հելա, գլուխդ վրիցդ կպոկեմ, ոչխար»,-Առուստամյանին ասել էր պատգամավորը:
Նշենք, որ դեկտեմբերի 1-ին մեկնարկած ԱԺ քառօրյայի օրակարգում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկումն է, որն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից: Արդեն 4-րդ օրն է՝ մի քանի տասնյակ ակտիվիստներ բողոքի ակցիաներ են անցկացնում ԱԺ շենքի մոտ՝ պատգամավորներից պահանջելով, որ կողմ չքվեարկեն ԵՏՄ անդամակցության պայմանագրին:











