News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արծաթագույն-ճերմակ մազերը խնամքով փունջ հավաքված նիհար փխրուն կինը իմ առաջ բացեց դուռը: Թեթեւ եւ անաղմունք նա անցավ սրահ եւ հրավիրեց նստել սեղանի շուրջ: Թաքուն նայելով նրա մեղմ, սահուն շարժումներին՝ դժվարանում էի հավատալ, որ նա հենց պաթոլոգանատոմ Էվելինա Իսահակի Գասպարյանն է:

Համաձայնեք, որ պաթանատոմի  կերպարը այնքան է պարուրված գաղտնիքներով եւ կարծրատիպերով, որ թվում է՝ գոյություն ունի նյութական աշխարհից բացառապես դուրս, անեկդոտներում եւ սերիալներում: Սակայն նախքան անմիջական զրույցին անցնելը, հետաքրքրեց, թե ո՞վ է նվագում պատի մոտ դրված հին դաշնամուրի վրա.

Ես։ Բայց հիմա արդեն հազվադեպ։

Քանի՞ տարեկան եք, ներողություն անհամեստության համար...

91 տարեկան եմ:

Նշո՞ւմ եք Ձեր ծննդյան տոնը:

Ծննդյան օրերը պետք է նշել երբ երիտասարդ ես, իսկ երբ բարձրացել ես լեռան գագաթին եւ արդեն իջնում ես, դրա մեջ քիչ ուրախություն կա։ Ճիշտ է, իմաստուն մարդիկ ասում են, որ ծերությունը կյանքի փուլերից մեկն է, որը պետք է կարողանաս ընկալել, սակայն պետք է ասել, որ դա բավականին բարդ է եւ պահանջում է առավելագուն կամք ու լարվածություն։

Ինչպե՞ս հրապուրվեցիք պաթանատոմիայով։ Ի՞նչը ձեզ գրավեց կարծեք թե ոչ այդքան կանացի մասնագիտության մեջ:

Սխալվում եք։ Այս մասնագիտության մեջ կանայք գործնականում ճիշտ այնքան են, որքան տղամարդիկ։ Ինչ վերաբերում է աշխատանքի առանձնահատկությանը, ապա պաթանատոմիան  բժշկության փիլիսոփայությունն է։ Հենց պաթոլոգանատոմն է վերջնական ախտորոշումը տալիս։ Դրա համար նա պետք է իմանա եւ կլինիկան, եւ ուռուցքաբանությունը, եւ բորբոքային գործընթացները,  ու կարողանա այդ ամենը դիֆերենցել։ Կարճ ասած՝ մտածել, համեմատել եւ հասնել ճշմարտության։ Իսկ քանի որ ճշմարտությունը բավականին հարաբերական է, այն գտնելը բարդ է, սակայն հետաքրքիր։

Արդեն քանի՞ տարի եք աշխատում այդ ոլորտում:

60։ Ես երբեք չեմ զղջացել։ Գիտեք, արտասահմանում պաթոլոգանատոմիական բաժնի դռան վրա սովորաբար հետեւյալ գրությունն է կախված լինում։ «Սա մի վայր է, որտեղ մահացածները սովորեցնում են կենդանի մարդկանց»։ Ցավոք, այսօր պաթանատոմները բոլորովին այլ ուղով են գնում։

Ի՞նչ նկատի ունեք։

Ուսումնասիրեք վիճակագրական վարչության տվյալները. 100 ախտորոշումներից 99-ը սրտամկանի սուր ինֆարկտն է։

Սա նշանակում է...

... որ այսօր պաթանատոմները իրենց ճշմարտությունը գտնելու նեղություն չեն տալիս։ Նրանք դրոշմում են ախտորոշումները։ Չէ որ այնքան հարմար է գրել «ինֆարկտ» եւ տրամադրել մահվան մասին վկայական ։

Իսկ բուժող բժիշկները գալի՞ս են դիահերձման։

Շատ հազվադեպ։ Դեպքերի մեծ մասում՝ ոչ։

Հետաքրքիր չէ՞:

Ոչ։ Նրանք ախտորոշում են տվել, եւ դրանով աշխատանքն ավարտված է։ Իսկ թե դու ինչ ես այնտեղ գտել, նրանց հետաքրքիր չէ։ Մի ժամանակ մենք պայքարում էինք այդ երեւույթի դեմ, հետո դադարեցինք։

Մենք՝  ովքե՞ր:

Մենք՝ հին դպրոցը։ Գիտեք, նախկինում անցկացվում էին կլինիկաանատոմիական կոնֆերանսներ, որոնցում քննարկվում էին, թե ինչո՞ւ բուժող բժշկի եւ պաթանատոմի ախտորոշումների միջեւ հակասություններ կան։ Իսկ  այժմ՝ ոչ։

Որքա՞ն հաճախ են ախտորոշումներում հակասություններ լինում:

Լավագույն եվրոպական կլինիկաներում հակասությունների նվազագույն տոկոսը կազմում է 11-12%.։ Մեզ մոտ, կարծում եմ, այն հասնում է 50-60%-ի։

Եղե՞լ են դեպքեր, երբ դուք այդպես էլ չեք իմացել՝ ինչո՞ւ մահացավ հիվանդը կամ սխալվել եք ախտորոշման հարցում:

Այո։ Եվ ես չեմ ամաչում այդ մասին խոսել, քանի որ պաթանատոմիան անծայր օվկիանոս է։

Որքա՞ն հաճախ են մեզ մոտ մահանում քաղցկեղից:

Չեմ կարող ասել։ Ուռուցքաբանական հիվանդների իրական թիվը թաքցնում են։

Դուք գիտեք, թե շատ հիվանդություններ ինչպիսի տեսք են ունենում ներսից։ Որ հիվանդությունն է ամենաշատը այլանդակում մարդուն:

Դրանք շատ են։ Օրինակ բոլոր, էնդոկրին (ներզատական) հիվանդությունները։ Այդպիսիք շատ են ծնվում նաեւ, երբ ծնողները հիվանդ, հարբեցող կամ թմրամոլ են։

Ինչպե՞ս եք վերաբերում այն կարծիքին, որ անբուժելի հիվանդ նորածիններին չպետք է ողջ թողնել:

Սա շատ վիճելի հարց է։ Որքա՞ն դաուններ են ծնվում, սակայն ծնողները նրանց սիրում են։

Սակայն այսօր ասում են, որ դաունները հիվանդ չեն, նրանք պարզապես «ուրիշ են»։ Ես նկատի ունեմ ծանր հաշմանդամներին։

Սա արդեն եվգենիկա է (ուսմունք մարդկային ցեղի (նրա ժառանգական հատկանիշների) լավացման մասին)։ Այստեղ հեշտ է հենվել ֆաշիզմի եւ մաքուր ռասայի տեսության վրա։ Ես չեմ կարող պատասխանել այդ հարցին։ Ենթադրենք, ձեռք ու ոտք չունեցող երեխան մեծ տաղանդ է։ Հետեւապես, ո՞վ է իրավունք տվել ամենասկզբից զրկել մարդուն կյանքից։ Ապրե՞լ, թե՞ մեռնել. սա մարդու ընտրությունն է։

Այդ դեպքում ինչպե՞ս եք վերաբերում ինքնասպանությանը։ Ինքնասպանը ուժե՞ղ, թե՞ թույլ մարդ է:

Մենք կարծում ենք, որ ինքնասպանությունը թույլ կամքի դրսեւորում է, իսկ Ճապոնիայում՝ ճիշտ հակառակը։ Ո՞վ է ճիշտը, ոչ ոք չգիտի։

Տարբեր մարդկանց դիահերձման մեջ կա՞ն տարբերություններ. տարեցների, երեխաների, գեղեցիկների եւ հաշմանդամների...

Նախկինում այո, իսկ հիմա ինձ համար միեւնույն է։

Ինչո՞վ է դա բացատրվում:

Տարիքով։ Այն ձեզնից անկախ պաշտպանական ռեակցիա է մշակում:

Երբեւէ պատահե՞լ է, որ Դուք դիահերձեք հարազատներին կամ մտերիմ մարդկանց։ Ինչ եք զգացել այդ պահին:

Դիակը ֆիզիկական առարկա է, տեղի ունեցած փաստ։ Ահա,բաժակը, ահա գիրքը։ Նույն բանն է։ Ցավալի՞ է։ Այո, ավելի ծանր է, քանի օտարների դեպքքում։

Միջինում որքա՞ն  ժամանակ է տեւում դիահերձման գործընթացը:

Դժվար է ասել։ Ամեն ինչ կախված է այն բանից՝ ինչի հետ գործ ունես։ Մի ծիծաղելի դեպք պատմեմ։ Մոսկվա։ Ասպիրանտուրա։ Պրոֆեսորի հետ իջնում ենք պաթանատոլոգիական բաժին: Մահացածի մոտ ներքին օրգաններում բազմաթիվ մետաստազներ կան: Գիտենք, որ այդպես լինում է «թոքերի փոքրիկ քաղցկեղի դեպքում»: Այն մեծությամբ բալի կորիզի չափ է , սակայն  շատ մետաստազներ է ունենում: Մենք բաժնում մնացինք երկու ժամից ավելի: Կտրում էինք, կտրում, սակայն չէինք գտնում: Չգտանք: Մեկ ժամ անցավ: Հանկարծ դիահերձարանի սանիտարը աղմուկով բարձրացավ վերեւ: «Ես գտա, գտա»:

Աշխատանքի ընթացքում մոտավորապես քանի՞ դիահերձում եք կատարել: Հարյո՞ւր, երկու հարյո՞ւր:

Հազարավոր…

Կարելի է համեմատել ոչ մեծ գյուղի հետ: Ասացեք, ճի՞շտ է, թե՞ առասպել, որ պաթանատոմը կարող է ուտել՝ գտնվելով դիակների շրջապատում:

Այո, պատահում է: Ի՞նչ կա որ: Դիակը շատ ավելի մաքուր է կենդանի մարդուց:

Ձեր աշխատանքում վտանգներ կա՞ն:

Իհարկե: Մեծ վտանգ են ներկայացնում սուր վարակները: Մեզ մոտ խոլերայի կասկածներ կային: Գնացել էինք դիահերձման: Նախքան ախտորոշման հաստատումը նստած էինք դիահերձարանում: Սակայն, եթե ամեն ինչ ճիշտ ես անում, վարակման հավանականությունը շատ փոքր է: Մեր կոշիկն այլ է, հատուկ դիմակ ունենք, 2-3 թիկնոց, երկու զույգ ձեռնոց: Այս ամենը վերջում այրվում է:

Երբեւէ բախվե՞լ եք ննջեցյալի հարազատների զարմանալի ցանկությունների հետ:

Երբեմն հարուստները հրավիրում են վարսահարդարների, որպեսզի նրանք հանգուցյալին գեղեցիկ սանրվածք անեն: Սակայն, իհարկե, այս ամենը հիմարություն է: Մարդուն պետքա է թաղել այնպես, ինչպես որ կա եւ սոճու փայտից պատրաստված դագաղում:

Ինչո՞ւ սոճու փայտից:

Քանի որ սոճին լավ է քայքայվում հողում, աճյունի հետ միասին:

Որքան ժամանակ է տեւում մարդու քայքայումը:

Ամեն ինչ կախված է եղանակային պայմաններից: Հայաստանում մոտ 20 տարի:

Գերեզմանատանը տարածք ձեռք բերելը հաճախ լուրջ խնդիր է դառնում, այդ թվում նաեւ՝ ֆինանսական: Միեւնույն ժամանակ, որոշ մարդիկ հսկայական տարածքներ են գնում  եւ մահացածներին մեծ հուշարձաններ կանգնեցնում: Ի՞նչ եք մտածում այդ մասին:

Դա ծայրահեղորեն ոչ բարոյական է: Ի՞նչ իրավունքով են նման քանակությամբ հող վերցնում: Բացի այդ, մենք չգիտենք՝ ինչպիսին է եղել մարդը եւ ինչպես են նրան վերաբերել: Ո՞ւմ ենք պետք այդ տձեւ հուշարձանները:

Ինչպես եք վերաբերվում դիակիզմանը:

Ես միայն կողմ եմ: Ինչո՞վ է մեզնից վատ Ինդիրա Գանդին: Նրա աճյունը ցրված էր Հիմալայներով: Թող այդպես էլ լինի: Պարտադի՞ր է պլաստիկ դագաղում վերածվել հեղուկի եւ հոսել նման վիճակով:

Ինչպե՞ս վերաբերվել հիշատակի հյուրասիրությունների քրիստոնեական ավանդույթների հետ:

Այս բոլոր արարողությունները մարդկանց կողմից են հորինվել: Հարյուր հազարավոր մարդիկ մահացել եւ անհետ կորել են տարբեր պատերազմների ժամանակ: Ով է նրանց համար 7-րդ կամ 40-րդ օրը հյուրասիրություն կազմակերպել: Էլ չեմ ասում, որ այսօր հյուրասիրության սեղանները չեն տարբերվում տոնականից: Առաջ ինչ էին տալիս՝ խաշլամա: Իսկ այսօր երշիկ եւ տարբեր տեսակների պանիր, ապխտած ձուկ, աղցաններ, կոնֆետներ: Անքաղաքավարություն է:

Թույլ տվեք մի անձնական հարց. Հավատո՞ւմ եք Աստծուն։

Ես հավատում եմ միայն ինձ։ Հնուց ասված է. «Հույսդ դիր Աստծո վրա, բայց ինքդ էլ ձեռքերդ ծալած մի նստիր»:

60 տարին մեկ աշխատանքի համար մեծ  ժամանակ է։ Չե՞ք հոգնել:

Չգիտես ինչու ինձ ոչ ոք չի հեռացնում։ Արդեն ամաչում եմ։

Ինչո՞ւ:

Պետք է խիղճ ունենալ։ Ես արդեն ծեր եմ։ Լավն է այն արտիստը, ով ժամանակին է հեռանում բեմից։

Դուք արկածախնդի՞ր մարդ եք:

Իմ ամենամեծ  արկածը վաղն արեւը տեսնելն է։

Իսկ եթե այն չծագի... Դուք վախենո՞ւմ եք մահից։

Ընկերներ, ես չեմ ցանկանում մեռնել։ Ես ուզում եմ ապրել, որպեսզի մտածեմ եւ տառապեմ։

Տառապե՞ք:

Այո։ Նայեք, մեր ամբողջ կյանքը պատնեշների հաղթահարում է։ Սկսած այն պահից, երբ դուք առավոտյան արթնանում եք. դուք պետք է հաղթահարեք քնատ վիճակը, ուժ գտնեք ձեր մեջ եւ հասեք անհրաժեշտ վայրը։ Եթե դա չկա, վրա է հասնում իրական մահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ