Ովքեր պահանջում են Շահումյանի, Մարտունաշենի եւ Գետաշենի շրջանները, սակայն չեն պահանջում Կարսը, նրանք մանր հայրենասերներ են:
Հուլիս 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման բնորոշում տվեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդո՞ք նշված շրջանների վերադարձի հարցը եւս պետք է ներառված լինի ԼՂ խնդրի վերաբերյալ խաղաղության մեծ պայմանագրում: Ըստ Գրիգորյանի, մինչեւ այժմ հիշատակված տարածքների հարցը չի քննարկվել, եւ եթե այդ հարցերը այժմ բարձրացվեն, կնշանակի, որ բանակցային գործընթացը պետք է սկսել զրոյից: «Եթե Հայաստանը բանակցային սեղանին է դնում նոր հարցեր, դա նշանակում է, որ բանակցությունները պետք է սկսել զրոյից: Նման մոտեցումը կմեծացնի լարվածությունը տարածաշրջանում»,-նշեց քաղաքագետը: Նա նաեւ հավելեց, որ ԼՂ հարցը պետք է լուծվի փոխզիջումներով, իսկ հարցին, թե հատկապես ո՞ր տարածքների զիջման մասին է խոսքը, Գրիգորյանը պատասխանեց. «Ես, օրինակ, մեծ հաճույքով կվերադարձնեի մի գյուղ՝ Ֆիզուլիի շրջանի գյուղերից մեկը, սակայն մի պայմանով, որ այդտեղ վերադառնան ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայ ընտանիքները»,-նշեց փորձաքետը՝ միաժամանակ հավելելով, թե պետք է Հայաստանը փորձի կոտրել բանակցային գործընթացում առկա քարացած վիճակը: Բացի այդ Գրիգորյան առաջարկում է, որ Հայաստանը հանդես գա նախաձեռնողականության դիրքերից եւ հայտարարի, որ պատրաստ է քննարկել ԼՂ խնդրի վերաբերյալ ցանկացած առաջարկ:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, Ստեփան Գրիգորյանը նշեց, որ այդ հարաբերությունները կարգավորվելու են, եւ շատ մոտ ապագայում: «Թուրքիային ձեռնտու է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը եւ այդ երկիրը վաղ թե ուշ բացելու է Հայաստանի հետ սահմանը: Մի երկիր, որը մեջքով շուռ եկավ ԱՄՆ-ին, Իսրայելի հետ առճակատման մեջ մտավ, քրդական խնդիր ունի, չի կարող բոլորի հետ թշնամություն անել ու հարաբերություններ չստեղծել Հայաստանի հետ»,-նշեց Գրիգորյանը: Նա նաեւ ավելացրեց, որ հայ-թուրքական գործընթացի մեջ մտնելով ՝ Հայաստանը շահեց, բարձրացավ երկրի իմիջն, ու միջազգային հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, որպես տարանցիկ երկրի, մեծացավ: Ինչ վերաբերում է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությանը՝ հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ, ապա Գրիգորյանն այն դրական է գնահատում, քանի որ, ըստ նրա, այսպիսով ԱՄՆ-ը գործընթացի տապալման պատասխանատվությունը գցեց Թուրքիայի վրա: Քաղաքագետը կարծում է նաեւ, որ Հայաստանն այսօր էլ պետք է պատրաստ լինի առաջինը վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները: