News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կինեմատոգրաֆն այն չէր լինի առանց կասկադյորական արվեստի: Թե որքանով է այդ արվեստը նոր եւ պահանջված Հայաստանում, NEWS.am-ի ընթերցողներին պատմում է Հայաստանում կասկադյորական արվեստի հիմնադիր, դերասան-կասկադյոր եւ հնարքների բեմադրող, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ Արմեն Պետրոսյանը:

ԽՍՀՄ ժամանակներում «Հայֆիլմում» կասկադյորների գիլդիա չկար: Մենք մշտապես խնդրում էինք այլ հանրապետություններից: Կասկադյորական արվեստն իրականում ուղղակի կապ ունի կինոյի հետ: Արցախյան պատերազմից հետո, որի մասնակիցներից էի ես, 1994թ. հայկական կինեմատոգրաֆի պատմության մեջ առաջին անգամ, չնայած բոլոր դժվարություններին, հիմնադրեցի Կասկադյորների ազգային ասոցիացիան:

Ազգային ասոցիացիան հիմնադրելուց հետո կառույցում սկսվեց բնական ընտրությունը: Մեր արվեստում սուտն ու դավաճանությունը տեղ չունեն, քանի որ դա կարող է ինչ-որ մեկի վնասվածք ստանալու պատճառ դառնալ: Այժմ ասոցիացիան ունի 35 կասկադյոր: Առայժմ  միայն ՀՀ քաղաքացիներ են, բայց Ռուսաստանից էլ մեր ասոցիացիա մտնել ցանկացողներ կան:
 

Հայաստանում կասկադյորների դպրոց առայժմ չկա: Դա թանկ հաճույք է: Կասկադյորների դպրոցը պետք է բոլոր հնարավորություններն ունենա լիարժեք եւ բազմակողմանի ուսուցման համար: Կասկադյորական արվեստն ինքնին ծախսատար է, այն ընդգրկում է սպորտի բոլոր էքստրեմալ տեսակները: Այնպես որ,  Հայաստանում եւ Կովկասում, ես կասեի` նույնիսկ Ռուսաստանում, առայժմ կասկադյորների մասնագիտական դպրոց չկա:

Չնայած դպրոցի բացակայությանը, ուսուցում կատարվում է: Բնականաբար,  մեզ մոտ գալիս են  երիտասարդ, ֆիզիկապես պատրաստված անձինք: Մենք նրանց սովորեցնում ենք կասկադյորական արվեստը: Մենք կրթական բազա ունենք, սակայն չի կարելի ասել, որ այդ ուսուցումն ստանալով երիտասարդը պրոֆեսիոնալ կասկադյոր է դառնում: Այդպիսին դառնում են  տարիների ընթացքում՝ մեծ փորձ ձեռք բերելով եւ նկարահանումների ընթացքում: Առանց փորձի տեսությունը զրո է:

Վստահ եմ, եւ ես միշտ կրկնում եմ, որ հայերի շրջանում ավելի շատ առնական եւ կամային հատկություններով օժտված երիտասարդներ կան, քան այլ ժողովուրդների մոտ: Օրինակ, եթե ուրիշները  հնարքն անելուց առաջ խմում են քաջության համար, մենք նման հիմարություններ չենք անում:

Ինչ վերաբերում է հայ կասկադյորների կողմից  իրականացվող հնարքների բարդությանը, ապա, բարեբախտաբար, այդպիսի վարժություններ դեռ չեն եղել, որոնք մեր տղաները չկարողանան անել: Սակայն մենք աշխատում ենք, առաջ գնում: Չի կարելի ձեռք բերածով բավարարվել: Կինեմատոգրաֆն էլ է զարգանում, նոր պահանջներ դնում եւ նոր հնարքներ պահանջում:  Մենք պարտավոր ենք դրան համընթաց քայլել:  Այս տարի լրանում է ասոցիացիայի 20 տարին, սակայն նշելու ենք հաջորդ տարվա գարնանը:  Դա կապված է անհետաձգելի նկարահանումների հետ:

Ի տարբերություն անկախության առաջին տարիների, երբ Հայաստանում կինո կամ չէր նկարահանվում, կամ շատ քիչ էր նկարահանվում, այժմ բավական քանակությամբ ֆիլմեր են թողարկվում: Որակի մասին չենք խոսի: Հարկավոր է աշխատել՝ հետագայում սխալները հասկանալու համար:

Կասկադյորների վնասվածքներ ստանալու հավանականությունը բավական մեծ է: Ռուսաստանի համեմատ մեր վիճակն ավելի լավ է: Ոչ թե նրա համար, որ նրանք ավելի պրոֆեսիոնալ են ու ավելի բարդ հնարքներ են իրականացնում: Բնավ ոչ: Մոտեցումն է այլ: Ես կտրականապես արգելում եմ ալկոհոլային որեւէ խմիչքի օգտագործումը նկարահանումներից  առնվազն 1-2 ամիս առաջ: Մեկ թաս օղին օրգանիզմից դուրս է գալիս երկու շաբաթում: Մեր արվեստում մարդը պետք է առավելագույնս սթափ լինի, սառնասրտորեն իրականացնի առաջադրանքները:

Բայց չկա մի կասկադյոր, որը վնասվածք ստացած չլինի: Ես բոլոր սկսնակներին ասում եմ` հիշեք, առանց վերքերի եւ կոտրվածքների չի լինի, կարեւորը, որ դրանք անցնեն: Միեւնույն ժամանակ, մենք աշխատում ենք, որպեսզի ռիսկի գործոնը նվազագույն լինի, սակայն այն ամբողջովին բացառելը մարդկային ուժերից վեր է: 

Մենք ուշադիր ենք անվտանգության ապահովման հարցում` չնայած այստեղ եւս ֆինանսների հարցն է ծագում. անվտանգությունը նույնպես փող արժի: Կան պաշտպանական միջոցներ` արմունկների, ծնկների, ողնաշարի, գլխի: Սարքավորում կա, սակայն  100% երաշխիք չկա: Ռիսկի գործոն կա, սակայն առանց դրա էլ չի լինում կասկադյորի մասնագիտությունը: Մենք ինքներս ենք ընտրել մեր մասնագիտությունը եւ պետք է պատրաստ լինենք ամեն ինչի:

Չնայած ասոցիացիայի համեմատաբար երիտասարդ տարիքին, հայ կասկադյորները պահանջված են նաեւ արտասահմանյան կինոյում: 20 տարում 56 գեղարվեստական ֆիլմ է նկարահանվել, այդ թվում՝ հայ-ֆրանսիական, հայ-իրանական, հայ-ռուսական, հայ-իտալական համագործակցությամբ: Հիմնականում ռուսական կողմի հետ ենք աշխատում, ավելի կոնկրետ՝ «Բերգ սաունդ» կինոընկերության հետ, որին շնորհակալ ենք վստահության եւ պրոֆեսիոնալ մոտեցման համար՝ «Հրաձիգը», «Հրաձիգը-2», «Ջոկեր» ֆիլմերում:

Գլխավոր դերերից մեկում նկարահանվելով՝ ես նաեւ հնարքների բեմադրիչն էի,  որն ինձ համար նկարահանումներից կարեւոր էր:

Հայաստանում պրոֆեսիոնալ կասկադյոր կանայք չկան: Դա ծիծաղելի է` Հայաստանում կին կասկադյոր, սակայն կարելի է լուրջ էլ վերաբերվել: Կան ցանկացողներ, գալիս են, փորձում եւ հասկանում, որ դա իրենց գործը չէ: Սակայն կլինեն: Կան ռուսաստանցի կին կասկադյորներ, որոնք ցանկանում են համագործակցել մեզ հետ: Դե, մեզ էլ  ամբիցիաները չեն տանջում: 

 

Երեխաների մասնակցությամբ հնարքներ գրեթե չեն լինում: Մանկական կատակերգական  «Ո՞վ է կասկադյորը» ֆիլմ կար, սակայն այնտեղ տղան պարզապես կասկադյորական սարքավորումներից էր կախված, որոնք երկու դերասաններ էին պահում:  Դա հնարք անվանելը չափազանցություն կլինի: Սովորաբար, եթե սյուժեով երեխայի մասնակցությամբ հնարք կա, այն արտաքինով երեխայի նման կասկադյորներն են կատարում:   Սակայն բացառություններ էլ են լինում: Հայաստանում նկարահանվեց «Ստահակները» ֆիլմը: Ժայռից ընկնող երեխայի դերը մարմնավորում էր կասկադյոր Յուրի Սիսոեւի որդին` Իլյան: Տղան ցատկել էր 20 մ-անոց ժայռից:

Հնարքների կատարման մակարդակով հայ կասկադյորները ոչնչով չեն զիջում կինեմատոգրաֆիական հզոր տերությունների կասկադյորներին: Բայց մենք զիջում ենք տեխնիկական հագեցվածության մակարդակով: Օրինակ, ամերիկյան երկրորդ կարգի ՝ տղայական տարիքից դուրս չեկած սուպերսթարների մասնակցությամբ մարտաֆիլմերի ոգով նկարահանված ֆիլմի վրա, որը հաստատ մենք չենք դիտի, այնպիսի գումարներ են ծախսվում, որ մենք միայն երազել կարող ենք Հայաստանում այդպիսի ֆիլմ նկարահանելու մասին:

Չնայած դրան, մենք ունենք ներուժ: Կան խելացի սցենարիստներ, տաղանդավոր ռեժիսորներ, լավ օպերատորներ: Փող չկա: Եվ դա մանրուք չէ: Ցավոք, չկա փող` չկա կինո: Իհարկե,  եթե փող կա, սակայն չկա տաղանդ եւ աշխատանք, կինոն դարձյալ չկա:  Սակայն ընդհանուր առմամբ ճիշտ է այն պնդումը, որ կինոն թանկ հաճույք է: Իսկ այն պրոդյուսերներին եւ ռեժիսորներին, որոնք բյուջեի կեսն իրենց գրպանն են դնում, մոտ էլ չի կարելի թողնել նկարահանման հարթակին:

Շատ երկրներում կասկադյորների շրջանում կան նեղ մասնագիտացումներ: Կան բարձրությունների հետ կապված, օդային, լեռնաժայռային ավտո-մոտո հնարքներ, այրվելու հետ կապված հնարքներ, ջրային, ընդհանրական հնարքներ՝ ասենք շշով հարված գլխին կամ ապակու վրայով քայլել, ավտոմեքենայի տակ ընկնել, աթոռներով կամ սեղաններով պայքար: Մեր ասոցիացիայի տղաներն ունիվերսալ են: Հայկական կինեմատոգրաֆն առայժմ չի կարող իրեն նման մասնագիտացումներ թույլ տալ: Կատարվում են հնարքներ բարձրությունից, մեքենաներով, ջրում եւ այլն: Սակայն Հայաստանում կարծրատիպ կա. Ով կարատեի մի քանի հնարք գիտի, իրեն կասկադյոր է երեւակայում: Սա մեծ մոլորություն է: Կարատեն եւ այլ մարտարվեստները կինոյում դասվում են խորեոգրաֆիայի շարքում, ոչ թե հնարքների:

Ընտանիքս իմ մասնագիտությանը հանդուրժողաբար եւ ըմբռնումով է վերաբերվում: Պարզապես գիտեն, որ իմ մասնագիտությունն իմ կյանքն է: Կասկադյոր դառնալն իմ մանկության երազանքն էր. Էդմոնդ Քեոսյանի «Անորսալի վրիժառուները» ֆիլմի շնորհիվ, որով մի քանի սերունդ է դաստիարակվել: Երեխաները հնարքների մեծ սիրահար են, միաժամանակ՝ ամենամեծ քննադատները: Եթե երեխային դուր չգա, չի նայի: Ես որդի ունեմ, նա դեռ շատ փոքր է, եւ ապագա մասնագիտության մասին խոսելը վաղ է: Բայց անկախ ամեն ինչից,  ցանկացած երեխայի պետք է մանուկ հասակից ֆիզիկապես զարգացնել: Նաեւ պետք է սովորեցնել, որ ուժը հարկավոր է կիրառել ոչ թե թույլերի դեմ, այլ թույլերին պաշտպանելու համար:

Զրուցեց Մարիամ Լեւինան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ