Գյումրիում այսօր՝ հունվարի 12-ին, 7 հոգանոց ընտանիքի 6 անդամների սպանությունից հետո փախուստի դիմած կասկածյալին դեռ որոնում են։ Ուժեղացված հսկողություն է ոչ միայն Գյումրիում եւ քաղաք մտնող ճանապարհներին, այլեւ մայրաքաղաքում։

Այսօր NEWS.am-ի թղթակիցը ականատես է եղել, թե ինչպես են զինված ոստիկանները քաղաքի կենտրոնում կանգնեցնում պատահական մեքենաները՝ մասնավորապես բեռնատարները եւ տաքսիները, ստուգում բեռնախցիկները։

Մեր թղթակցի հարցին, թե ինչն է անվտանգության նման միջոցառումների պատճառը, ոստիկանները հրաժարվեցին պատասխանել, սակայն, մեր տեղեկություններով, նպատակը Գյումրիում տեղի ունեցած սպանության կասկածյալին՝ ռուս զինվորական Վալերի Պերմյակովին հայտնաբերելն է։

Խստացված հսկողություն է նաեւ Երեւանի մետրոպոլիտենում։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: