Հայաստանի ռուսական ռազմաբազային զենքով եւ զինամթերքով հանդերձ կորել է զինծառայող, արտակարգ պատահարի հետաքննության նպատակով դեպքի վայր է ուղարկվել հանձնաժողով՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինի գլխավորությամբ, հայտնում է MK.ru-ն:

«Հունվարի 12-ին 102-րդ ռազմաբազայի ղեկավարության կողմից բացահայտվել է զինծառայողի բացակայությունը: Անհապաղ կազմակերպվել են զինծառայողի որոնումները, որոնք ցավոք, արդյունքի չեն հանգեցրել», - ասվում է ՌԴ-ի ՊՆ-ի հաղորդագրության մեջ:

Ողբերգության պատճառների հետաքննության նպատակով ռուսական ռազմաբազա է ուղարկվել հանձնաժողով՝ նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինի գլխավորությամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի 6 անդամներին։ Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Վեց ամսական մյուս երեխան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատվել է եւ այժմ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Ոստիկանությունը որոնում է նրան: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ։