Գյումրիում հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը տեղի ունեցած դաժան սպանությունը, նախնական տեղեկություններով, եղել է վաղ առավոտյան:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունը վարույթ է ընդունել այսօր՝ հունվարի 12-ին, Գյումրիում տեղի ունեցած 6 անձի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Կազմվել է քննչական խումբ, որում ընդգրկվել են ՀԿԳ քննության գլխավոր վարչության եւ Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ինքնաձիգ, ինքնաձիգից արձակված պարկուճներ, պահունակ՝ փամփուշտներով, ՌԴ զինծառայողի տարբերանշանով զինվորական համազգեստ, զինվորական կոշիկներ։

Պարզվել է, որ դրանք պատկանում են Պերմյակով ազգանունը կրող անձին, որը հանդիսանում է Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմական բազայի ժամկետային զինծառայող։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Հարցաքննվել են մի շարք անձինք, նրանց թվում՝ Պերմյակովի զինակիցները, տուժածների հարազատները, հարեւանները։

Նախնական տեղեկություններով՝ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, 06-ի սահմաններում, իսկ մահը վրա է հասել հրազենից արձակված կրակոցների հետեւանքով։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, որը կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ։

Կատարվել եւ կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ, օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր մանրամասները պարզելու, կասկածվողին հայտնաբերելու ուղղությամբ։

Քրեական գործի քննության ընթացքի մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի 6 անդամներին։ Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Վեց ամսական մյուս երեխան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատվել է եւ այժմ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Ոստիկանությունը որոնում է նրան: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ։