News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հուլիսի 12-ին, վերաբացվել է Հանրապետության 37 հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության առաջին կառավարության շենքը, որն այսուհետ ծառայելու է իբրեւ բարերարներ Հրայր եւ Աննա Հովնանյանների հիմնադրամի ու Ամերիկայի հայկական համագումարի գրասենյակների մշտական ներկայացուցչություն։ Շենքի վերաբացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ՆՍՕՏՏ Գարեգին Երկրորդը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, պաշտոնատար այլ անձինք։

Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Հրայր Հովնանյանի ներկայացուցիչ Նաիրա Մելիքյանը, կառավարության՝ 19-րդ դարի վաղեմություն ունեցող շենքի վերանորոգման աշխատանքները սկսվել են 3 տարի առաջ եւ ավարտվել 2010 թվականի հունվարին։ «Շենքը վերանորոգվել է Հրայր Հովնանյանի անձնական միջոցներով. հիմնադրամը դրա համար ծախսել է շուրջ 4 մլն դոլար։ Ընդ որում, հիմնադրամը շենքի նկուղային եւ առաջին երկու հարկերը նվիրաբերել է Ամերիկայի հայկական համագումարին։ Պատճառն այն  է, որ այդ կառույցը սեփական գրասենյակ չուներ եւ իր գործունեությունը մինչեւ վերջերս ծավալում էր Հայաստանի արտգործնախարարության շենքում։ Առանձին գրասենյակ Հայաստանում չուներ նաեւ Հրայր եւ Աննա Հովնանյանների հիմնադրամը»,- նշեց բարերարի ներկայացուցիչը՝ ավելացնելով, որ շենքը Հրայր Հովնանյանին նվիրել է ՀՀ կառավարությունը՝ ի նշան հայրենիքին մատուցած բազմաթիվ ծառայությունների։ «Սակայն բարերարը շենքը չընդունեց իբրեւ անձնական նվեր եւ այն իր հերթին նվիրեց հիմնադրամին, ինչպես նաեւ առանձին հարկաբաժիններ նվիրեց Ամերիկայի հայկական համագումարին»,- ավելացրեց Նաիրա Մելիքյանը։

Նրա խոսքով, հիմանադրամն առաջիկայում նպատակ ունի իրականացնել կրթական, մշակութային եւ առողջապահական մի շարք ծրագրեր։

«Հիմադրամն, օրինակ, կրթաթոշակներ կհատկացնի օժտված երիտասարդներին, կֆինանսավորի նրանց կրթությունը»,- տեղեկացրեց Հրայր Հովնանյանի հայաստանյան ներկայացուցիչը։

Ամերիկայի հայկական համագումարի երեւանյան գրասենյակի տնօրեն Արմինա Դարբինյանն էլ իր հերթին  նշեց, որ թեպետ իրենք բավական ակտիվ գործունեություն էին ծավալում նաեւ արտգործնախարարության կողմից իրենց տրամադրված գրասենյակում, սակայն այսուհետ կաշխատեն առավել մեծ եռանդով։ «Ամերիկայի հայկական համագումարը տասնամյակներ ի վեր համազգային խնդիրները հնչեցնում է միջազգային ամենաբարձր ամբիոններից, ինչը  անելու է այսուհետ եւս»,- ամփոփեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ