Գյումրիում, այսօր՝ հունվարի 13-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում ունեցավ ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինի հետ: Վերջինս ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացրեց նախօրեին տեղի ունեցած հանցագործության բացահայտման ուղղությամբ ՌԴ պաշտպանության նախարարության հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքները: Մասնավորապես, բանակի գեներալ Ա.Բախինը տեղեկացրեց շարքային Վալերի Պերմյակովի ձերբակալության, ՌԴ 102-րդ ռազմակայանում ընթացող ներքին ծառայողական քննության ընթացքի մասին և պատրաստակամություն հայտնեց շարունակել համագործակցությունը ՀՀ իրավապահ մարմինների հետ` հարուցված քրեական գործի շրջանակներում:
ՀՀ պաշտպանության նախարարը հորդորեց շարունակել համադրված աշխատանքը երկու պետությունների պաշտպանական կառույցների միջև` հանցագործությունն ամբողջությամբ բացահայտելու գործում իրավապահ մարմիններին աջակցելու ուղղությամբ:
Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ` Բայանդուր գյուղի հատվածում:
.jpg)




























