Մի խումբ քաղաքացիներ պահանջում են, որպեսզի հունվարի 12-ին գյումրեցի 7 հոգանոց ընտանիքի 6 անդամներին սպանելու, մեկին դանակահարելու մեջ կասկածվող՝ ռուս զինվորական Վալերի Պերմյակովի գործը միայն հայ իրավապահները քննեն: Այս պահանջով, «Ասա՝ ով է զինվորդ, ասեմ՝ ով ես դու», «Պուտին, մաքրիր հայերիս քեզնի ու քո ահաբեկիչներից» գրությամբ պաստառներով այսօր՝ հունվարի 13-ին նրանք հավաքվել էին Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ:
«Ռուսաստանի եւ Հայաստանի դատախազություններն իրար հետ պայմանավորվածություն են ձեռք բերելու գործի քննության վերաբերյալ: Դատախազությունից էլ տեղեկացնում են, որ միգուցե, իրենք էլ քննեն այս գործը: Միգուցեով պետք է չլինի, պահանջում ենք, որ միայն մեր դատախազությունը հետաքննի այդ գործը, քանի որ հնարավոր է՝ կողմանապահություն լինի: Եթե մենք այս զինվորին հանձնենք Ռուսաստանին, այնտեղ կամ նրան կդատապարտեն, կամ նա կդառնա Սաֆարով Ռուսաստանում: Մենք ցանկանում ենք, որ մեր պահանջը ՌԴ դեսպանատունը փոխանցի Ռուսաստանի նախագահ Պուտինին, որն էլ պաշտոնապես ցավակցական հեռագիր ուղարկի Հայաստան: Մեր պահանջը ուղղված է ռուսական կառավարությանը, որ ձեր զինվորը մեզ այլեւս պետք չէ, նա մեզ համար ոչ թե պահապան է, այլ ահաբեկիչ: Մեր հայ տղաներն ավելի անկոտրում հոգով են կանգնում կռվում, քան ռուս խաղաղապահները»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից Վաղինակ Շուշանյանը՝ նշելով, որ ռուս զինվորականը պետք է ամենախիստ պատիժը կրի:
Ակցիայի մասնակիցներից Գայանե Աբասյանի խոսքով՝ կատարված ոճրագործությունից հետո անհրաժեշտ է ռուսական ռազմաբազայում հայ հրամանատար կամ փոխհրամանատր նշանակել:
«Ի՞նչ նշանակում այն, որ զինվորը սահմանը պահելու փոխարեն մտնում է տուն ու երեխաների գնդակահարում անկողնու մեջ: Եթե հոգեկան հիվանդություն ուներ, իրավունք չուներ ծառայելու: Ուրեմն թող մաքրեն իրենց շարքերը: Թող չուղարկեն հոգեկան շեղված զինվորների»,- ասաց Գայանե Աբասյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի 6 անդամներին։ Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Վեց ամսական մյուս երեխան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատվել է: Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ` Բայանդուր գյուղի հատվածում:
Վալերի Պերմյակովի դեմ հարուցվել է երկու քրեական գործ՝ մեկը ՌԴ, մյուսը՝ ՀՀ իրավապահների կողմից: Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ երկու քրեական գործերն, ամենայն հավանականությամբ, կմիացվեն, ինչից հետո միայն կորոշվի, թե որ երկրի իրավապահները կքննեն նրանք:




























