Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի հիշատակին այսօր՝ հունվարի 13-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի առջեւ մոմավառություն է կազմակերպվել (ֆոտոռեպորտաժ):
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մեծ թվով քաղաքացիներ մոմեր, ծաղիկներ, խաղալիքներ են դրել շենքի աստիճաններին: Մոմավառությունը կազմակերպած քաղաքացիները նաեւ «Ռադ եղեք Հայաստանից, ձեռքներդ քաշեք հայերից», «Или армянский суд, или вон из Армении» գրությամբ պաստառներ են տարել Ազատության հրապարակ:
«Արդեն 2 օր է՝ ինչ մեր իշխանությունները ոչ մի վերաբերմունք չեն ցուցաբերում, եւ մեկ ընտանիք, կարելի է ասել, ոչնչացավ, միայն հրաշքով փրկվեց փոքրիկ բալիկը, եւ մեզ ոչինչ չէր մնում, որ գայինք եւ մեր միասնությունը գոնե այս մոմավառությամբ արտահայտեինք եւ միակ տեղը, որ նպատակահարմար է Ազատության հրապարակն է: Նման մոմավառություն կազմակերպվելու է նաեւ Գյումրիում»,-ասաց միջոցման կազմակերպիչ Սերգեյ Ղահրամանյանը:
Միջոցառման կազմակերպիչները նշեցին, որ սկզբում որոշել էին երթով գնալ Հանրապետության հրապարակ, սակայն քանի որ շատ քիչ մարդիկ են իմացել միջոցառման մասին, այդ իսկ պատճառով երթ չի լինելու:
Մոմավառության մասնակիցներից Կարինե Գալստյանն էլ ասաց, որ կապ չունի հանցագործության ներկայացուցիչը ինչ ազգի ներկայացուցիչ է, փաստն այն է, որ մի ամբողջ ընտանիք ոչնչացվել է, եւ փոքրիկ երեխան մնացել է որբ:
Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս կասկածյալը գտնվում է ռուս սահմանապահների մոտ, ՀՀ դատախազությունը հայտարարել է, թե գործը քննելուն ռուսները՝ ըստ իրենց օրենսդրության:
Մինչդեռ նշենք, որ Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնության միջեւ 1997թ. կնքված ռուսական ռազմաբազայի մասին միջազգային պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն, ռուսական ռազմաբազայի կազմում ընդգրկված անձանց կողմից ՀՀ տարածքում կատարված հանցագործությունների գործերի դեպքում կիրառվում է Հայաստանի օրենսդրությունը, եւ գործում են ՀՀ պատկան մարմինները:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am




























