News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում 2014-ին 10 տոկոսով բարձրացել է աշխատակիցների աշխատավարձը: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին, ՀՊՏՀ խորհրդի նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով նաեւ այդ համալսարանի խորհրդի նախագահն է:

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը հանդես է եկել համալսարանի 2014 թվականի ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների եւ 2014 թվականի բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշների մասին զեկույցով: Ռեկտորն անդրադարձել է ուսումնական գործընթացի կազմակերպմանն ու կատարելագործմանն ուղղված աշխատանքներին, ուսանողների առաջադիմությանը, գիտական գործունեությանը, փորձառության կազմակերպմանը, հասարակայնության հետ կապերին, բուհի միջազգայնացմանն ու տնտեսական գործունեությանը: Կորյուն Աթոյանի խոսքով՝ բուհի հիմնական խնդիրն է եղել եւ շարունակում է մնալ աշխատաշուկայում մրցունակ ու բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստումը: Համալսարանում իրականացվող բարեփոխումներն ուղղված են կրթության արդյունավետության բարձրացմանը, միջազգային կապերի զարգացմանն ու ընդլայնմանը, արտերկրի համալսարանների հետ համագործակցության խորացմանը: Զեկույցի ընթացքում ռեկտորը ներկայացրել է նաեւ համալսարանի 2015 թվականի համար նախատեսվող բյուջեի նախագծի ցուցանիշները:

Նիստի արդյունքներով խորհուրդը քննարկել եւ հավանություն է տվել ՀՊՏՀ-ի 2014 թվականի ուսումնամեթոդական, գիտահետազոտական ու ֆինանսատնտեսական գործունեությանը, համալսարանի 2014 թ. բյուջեի կատարման արդյունքները գնահատել բավարար եւ հաստատել համալսարանի 2015 թ բյուջեն:

Ամփոփելով խորհրդի նիստի արդյունքները՝ Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ նշել է, որ համալսարանի ղեկավարությունն ու աշխատակազմը ջանքեր չեն խնայել 2014 թ. համալսարանի առջեւ դրված խնդիրները լուծելու, մերօրյա մարտահրավերներին դիմագրավելու եւ զարգացում ապահովելու հարցում:

«Համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի 2014 թ. համապարփակ զեկույցը հերթական անգամ փաստում է, որ «Մենք փոխվում ենք» կարգախոսով մեկնարկած բարեփոխումների գործընթացը հաստատուն կերպով առաջ է ընթանում: Անցած տարի համալսարանը գործունեության գրեթե բոլոր ոլորտներում արձանագրել է հաջողություններ. բուհի սոցիալական քաղաքականությունը ունի հասցեագրված ուղղվածություն, արդեն երկրորդ տարին է՝ իրականացվում է աշխատակիցների բժշկական ապահովագրություն, սոցիալապես անապահով առաջադեմ ուսանողները արժանանում են կրթաթոշակի, 10 տոկոսով բարձրացել է աշխատակիցների աշխատավարձը»,- նշել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ համալսարանի միջազգայնացման ճանապարհին կարեւոր իրադարձություն էր Բրիտանական բիզնես դպրոցի բացումը: Համալսարանը հաջողությամբ շարունակում է Տեմպուսի ծրագրերը: Հովիկ Աբրահամյանի համոզմամբ՝ այս ամենն իր զգալի նպաստը կբերի համալսարանի մրցունակության բարձրացմանը միջազգային ասպարեզում: Վարչապետը նշել է, որ նոր որակ է ստացել նաեւ համալսարանի գիտահետազոտական կյանքը: ««Ամբերդ» հետազոտական կենտրոնը նախաձեռնել է նոր հետազոտությունների շարք, որոնց թեմաները, իմ հանձնարարությամբ, առաջարկել են բոլոր ճյուղային նախարարությունները: Վստահ եմ՝ այս նախաձեռնությունն էլ ավելի կբարձրացնի հետազոտությունների որակը եւ կենտրոնի հեղինակությունը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը կարեւորել է, որ կրթօջախի հիմնանորոգման, միջավայրի արդիականացման խնդիրները շարունակում են առաջնահերթ մնալ: Հիմնանորոգվել եւ նոր տեսքի են բերվել համալսարանի 3 մասնաշենքերի նախասրահները, շուրջ 7 տասնյակ լսարաններ: Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս բոլոր քայլերը միտված են բուհի զարգացմանն ու մրցունակության բարձրացմանը:

Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում կրթական համակարգի շարունակական կատարելագործման եւ արդիականացման հիմնախնդիրները: Այս համատեքստում Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ նշել է, որ որակյալ տնտեսագետներ պատրաստող հայաստանյան ամենամեծ բուհն իր գործունեությամբ հաշվետու տարվա ընթացքում նոր հաջողություններ է արձանագրել:

Ամփոփելով խոսքը՝ վարչապետը բուհի ղեկավարությանը եւ պրոֆեսորադասախոսական կազմին հորդորել է անել ամեն ինչ նոր ձեռքբերումներ եւ հաջողություններ արձանագրելու համար:

Տպել
Ամենաշատ