News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը հայտարարություն է տարածել Բերձորում կատարվածի վերաբերյալ։

«Հունվարի 31-ին իրազեկման ակցիա իրականացնելու նպատակով դեպի Արցախ ուղեւորվող Հիմնադիր խորհրդարանի անդամների ավտոերթը ԼՂՀ ոստիկանության կողմից կանգնեցվել է Բերձորում: Հայտնի է, որ իրազեկման ակցիան պիտի կայանար դեռեւս 2014թ. դեկտեմբերին, սակայն սահմանին տիրող իրավիճակի պատճառով խիստ անցանկալի է համարվել ԼՂՀ իշխանությունների կողմից, ինչի մասին վերջիններս տեղյալ են պահել Հիմնադիր խորհրդարանի անդամներին: Ոստիկաններից բացի, Բերձորում ավտոերթի մասնակիցներին  դիմավորել են նաեւ քաղաքացիական հագուստով անձինք, որոնց մի մասը դիմակավորված էր: Ինչպես երեւում է ԼՂՀ իշխանությունների կողմից տարածած տեսանյութից, այնտեղ էին հավաքվել նաեւ ավտոերթին դեմ արտահայտվող քաղաքացիների մեծաքանակ խումբ:

Պնդելով, որ Հիմնադիր խորհրդարանի ակցիան պատճառ է ԼՂՀ բնակչության շրջանում լարվածության ձեւավորմանը եւ դժգոհության տարածմանը՝ ԼՂՀ ոստիկանությունը ավտոերթի մասնակիցների նկատմամբ կիրառել է անհամաչափ ուժ, որի հետեւանքով մի քանի անձ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածք եւ դիմել են բուժօգնության, դիտավորությամբ վնասվել են երթին մասնակցող ավտոմեքենաները, ոչնչացվել են կատարվածը տեսանկարահանող օպերատորների տեսախցիկները, այսինքն՝ տեղի է ունեցել նաեւ ուրիշի գույքի դիտավորյալ վնասում/ոչնչացում: Հիմնադիր խորհրդարանի տարածած տեսագրություններից ակնհայտ երեւում է, որ ոստիկանները, փակելով ճանապարհը, շարունակել են մահակներով հարվածելով վնասել ավտոմեքենաները անգամ հետադարձ կատարելուց հետո։ Ողջ միջադեպի ընթացքում ոստիկաններն ակնհայտորեն դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից եւ կատարել գործողություններ, որոնք խախտում են անձանց իրավունքները եւ ազատությունները եւ հանդիսանում են արգելված արարքներ՝ հանցագործություններ թե՛ ՀՀ, եւ թե՛ ԼՂՀ քրեական օրենսգրքերով:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ ենք անում ՀՀ եւ ԼՂՀ իշխանություններին.

- Նշված փաստերով հարուցել քրեական գործ եւ ապահովել արդյունավետ քննություն,

- Հայտնաբերել եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին,

- Ապահովել հավաքների ազատության իրավունքի իրականացումը»,- ասված է հայտարարության մեջ:

Տպել
Ամենաշատ