News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հ. Գ. ՄԻԵԴ մրցույթի վերաբերյալ ավելի վաղ հարցազրույց էինք արել նաեւ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հետ:Իմ գնահատականները կատարել եմ խղճիս մտոք, եւ պատասխանատու եմ այդ գնահատականների համար, որքանով էլ դրանք համընկել կամ չեն համընկել հանձնաժողովի ընդհանուր գնահատականներին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին տված հարցազրույցում ասաց Փաստաբանների պալատի նախագահ, ՄԻԵԴ հայաստանյան մրցույթի հանձնաժողովի անդամ Արա Զոհրաբյանը: Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:

Որպես հանձնաժողովի անդամ՝ ինչպե՞ս եք գնահատում ՄԻԵԴ հայաստանյան 2-րդ մրցույթը:

Այն, որ ՄԻԵԴ դատավորի թեկնածուների ներկայացման գործընթացը առավել հանրամատչելի է դարձել, քան մի քանի տարի առաջ էր, միանշանակ դրական է։

Պետք չէ անտեսել նաեւ այն հանգամանքը, որ ՄԻԵԴ դատավորի թեկնածուի ընտրության նման ընթացակարգը նորույթ էր առաջին հերթին հենց Հայաստանի Հանրապետության եւ առավել եւս մրցույթի հանձնաժողովի անդամների համար:

Արտաքին հայացքից կարող է չնկատվել, թե հանձնաժողովը կամ դրա ամեն մի առանձին անդամ ինչպիսի բարձր պատասխանատվություն էր իր վրա ստանձնել:

Բայց ցանկացած գործընթաց պետք է կատարելագործել՝ հաշվի առնելով կատարված սխալները կամ բացթողումները։

Դիտորդները եւ քաղաքացիական հասարակությունը ահազանգել են, որ չնայած ԵԽԽՎ-ի պահանջներին եւ Սերժ Սարգսյանի հրամանագրի՝ մրցույթը անցել է ոչ թափանցիկ եւ լուրջ հետընթաց են արձանագրել:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այդ թվում՝ դիտորդների եւ լրագրողների մասնակցությունը նման գործընթացներին, հասարակական վերահսկողության ձեւերից մեկն է։ Ցանկացած օբյեկտիվ ահազանգ կամ գնահատական, պետք է հաշվի առնել, անկախ նրանից դա դուրեկան է, թե՝ ոչ։

Ձեր գործընկեր փաստաբանները եւս մտահոգություն են հայտնում ՄԻԵԴ մրցույթի անցկացման վերաբերյալ, որի հանձնաժողովի անդամն եք դուք: Ձեզ համար դժվա՞ր չէ՝ մի կողմից ներկայացնում եք փաստաբանական հանրությանը, մյուս կողմից էլ ըստ գնահատականների «ոչ թափանցիկ» մրցույթի անցկացմանն եք մասնակից: Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցության ձեր մոտիվացիան ո՞րն էր: Կարո՞ղ էիք դուք էլ կանգնել փաստաբանների կողքին եւ պայքարել արդար, ազատ, թափանցիկ մրցույթի անցկացման համար, առավել եւս, երբ անկախ դատավոր ընտրելու հարցում ամենաշահագրգիռ կողմը հենց փաստաբաններն են:

Այո, մենք՝ փաստաբաններս շահագրգռված ենք ՄԻԵԴ-ում ունենալ անաչառ եւ սկզբունքային դատավոր: Ներպետական ատյանններում հաջողության չհասնելով փաստաբանի վերջին հույսը, կարծես, թե ՄԻԵԴ-ն է: Միեւնույն ժամանակ, բացի փաստաբաններից, այս առումով շահագրգռած պետք է լինի մեր ողջ հասարակությունը, եւ նաեւ պետությունը: Մեր դատավորը ՄԻԵԴ-ում մեր երկրի դեմքն է: Ինչեւէ, իմ գործընկեր փաստաբանների մտահոգությունները նույնպես պետք է հաշվի առնել։ Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելով եմ փորձել ազդել հանձնաժողովի գործունեության վրա՝ ինձ ընձեռված իրավունքներից օգտվելու եւ իմ պարտականությունները հնարավորինս պատշաճ կատարելու միջոցով։ Օրինակ՝ ա/ հարցազրույցի փուլին անձամբ մասնակցել եմ եւ լսել եմ բոլոր մասնակիցների ելույթները, բ/ հարցազրույցի բոլոր մասնակիցներին տվել եմ հարցեր, գ/ օտար լեզվի ստուգման հատվածում անձամբ դիտարկել եմ մասնակիցների կազմած գրավոր թարգմանությունների տեքստերը եւ վերջում անձամբ ստորագրել եմ այդ տեքստերի տակ՝ հետագայում դրանց անփոփոխելիությունն ապահովելու նպատակով, դ/ անձամբ լսել եմ լեզվի մասնագետների եզրակացությունները՝ յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ, ե/ անձամբ գնահատել եմ յուրաքանչյուր մասնակցին, զ/ անձամբ հետեւել եմ մյուս հանձնաժողովի անդամների հայտարարած գնահատականներին եւ դրանց միջինը ստանալու եւ արձանագրելու գործողություններին։ Որքանով է հաջողվել եւ ինչ ծավալով, դա այլ հարց է եւ ես չեմ գնահատական տվողը։

Ինչո՞ւ չեն դիտորդներին տրամադրվել թեկնածուների ներկայացրած փաստաթղթերը, գնահատման թերթիկները եւ նրանց թույլ չեն տվել մասնակցել մրցույթի ամփոփման նիստին: Դուք կո՞ղմ եք եղել, որ այս ամենին դիտորդները չմասնակցեն եւ չտրամադրվեն փաստաթղթերը, եթե այո, ապա ինչո՞ւ, եթե ոչ, ինչո՞ւ չեք ներկայացրել հատուկ կարծիք, որպեսզի հանրությունը տեսնի, որ հանձնաժողովը միաձայն որոշում չի կայացրել:

Դիտորդներին թեկնածուների վերաբերյալ փաստաթղթերը չտրամադրելու մասով դիտորդների դիմումներ հանձնաժողովին չի ներկայացվել եւ բնականաբար չի քննարկվել (կոնկրետ ես նման դիմումներից տեղյակ չեմ)։ Իմ անձնական կարծիքն այլ է։ Ինչ վերաբերում է մրցույթի արդյունքների ամփոփման նիստին դիտորդների չմասնակցելուն, ապա այդ մասով իմ կարծիքը համընկնում է հանձնաժողովի անդամների կարծիքի հետ։ Պայմանական ասած խորհրդակցական սենյակում հանձնաժողովի անդամներն իրենք գնահատում են յուրաքանչյուր թեկնածուին եւ հայտնում են իրենց միավորները ընդհանուր միջին միավորները որոշելու համար։ Եթե զուգահեռներ անցկացնենք դատավարության հետ, ապա դատարանը հրապարակային նիստն ավարտելուց հետո իր ակտը կայացնում է «խորհրդակցական» սենյակում։

Եթե իսկապես մրցույթը կազմակերպված էր շատ արդար եւ թափանցիկ, ապա ի՞նչ խնդիր կա՝ ինչու չեն հրապարակվում այդ փաստաթղթերը: Օրինակ, դուք կտրամադրե՞ք ձեր գնահատման թերթիկը կամ կասեք, թե որ թեկնածուին յուրաքանչյուր չափանիշի դեպքում ինչպես եք գնահատել եւ ինչու: Եթե չեք ցանկանում տրամադրել, ապա ինչո՞ւ եւ ի՞նչ ունեք թաքցնելու հասարակությունից, ինչո՞ւ եք կաշկանդված ներկայացնել հասարակությանը ձեր գնահատականը:

Անձամբ ես որեւէ խնդիր չեմ տեսնում իմ տրված գնահատականները հայտարարելու մեջ՝ հասարակության առջեւ իմ մոտեցումներն ի ցույց դնելու համար, սակայն որքանով դա կհամապատասխանի, որպես հանձնաժողովի անդամի՝  զսպվածության եւ խորհդապահական պահանջներին։ Այստեղ է խնդիրը։ Հանձնաժողովի անդամի պատասխանատու կարգավիճակը կաշկանդում է նրան մրցույթի վերաբերյալ ազատ քննարկումներ կատարելու հարցում։

Այս առումով, կարելի է զուգահեռներ տանել ՄԻԵԿ Դատական էթիկայի մասին 23.06.2008թ. որոշման 6-րդ կետով ՄԻԵԴ դատավորի խոսքի ազատությանը վերաբերվող դրույթի հետ, որով, օրինակ, վերջինիցս պահանջում է ձեռնպահ մնալ հրապարակային հայտարարություններ կամ դիտողություններ անել, որոնք կարող են խաթարել դատարանի լիազորությունները կամ առաջացնել ողջամիտ կասկած դատարանի անկողմնակալության հարցում: Ի վերջո հանձնաժողովի անդամների լիազորությունները դեռեւս չեն դադարել։ Միաժամանակ տեղյակ եմ, որ բոլոր նյութերը ներկայացվելու են Եվրախորհրդի համապատասխան մարմնին։

Մրցույթին մասնակցել է նաեւ փաստաբան Վահե Գրիգորյանը: Հրապարակումներ եղան, որ Վահե Գրիգորյանը անվերապահ առաջատար էր, սակայն նա եռյակի մեջ չի մտել: Դուք անձամբ՝ ինչպե՞ս եք գնահատում նրա պատասխանը եւ արդյոք արդարացի՞ էր նրա՝ արդեն երկրորդ անգամ եռյակի մեջ չհայտնվելը: Եթե այդ մասով հանձնաժողովի որոշման հետ համաձայն չեք եղել, ապա ինչո՞ւ հատուկ կարծիք չեք հայտնել:

Վահե Գրիգորյանի հարցազրույցին մասնակցել եմ եւ տպավորություններս էլ արտացոլել եմ իմ գնահատման թերթիկում ու դրանք հաշվի են առնվել։

Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ յուրաքանչյուր մասնակցի գնահատում էր 19 չափանիշով։ Մի քանիսը կարող եմ նշել՝ միջազգային հանրային իրավունքի իմացություն, Կոնվենցիայի եւ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի իմացություն, վերլուծելու եւ տրամաբանելու ունակություն, նշանակալի իրավական իրադարձություններում ներգրավվածությունը, իրավունքի զարգացման գործում մասնագիտական ներդրումը, գիտական հետազոտությունները եւ այլն։ Յուրաքանչյուր չափանիշի համար առավելագույն միավոր կար սահմանված եւ հանձնաժողովի անդամը այդ չափանիշի համար իր միավորը արձանագրում էր այդ միջակայքում։ Օրինակ՝ Կոնվենցիայի եւ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի իմացություն չափանիշի համար կարող էր դրվել առավելագույնը 7 միավոր։ Այս բոլոր առավելագույն միավորների հանրագումարը կազմում է 100։ Միջինը ստացվում էր հետեւյալ կերպ՝ մրցույթի մասնակցի հարցազրույցին մասնակցած հանձնաժողովի անդամների միավորները բաժանվում էր անդամների քանակին։ Օրինակ, եթե տվյալ մասնակցի հարցազրույցին ներկա էր եղել հանձնաժողովի 8 անդամ, ապա 8 անդամներից ստացված միավորների հանրագումարը բաժանվում էին 8-ի, իսկ եթե 7 անդամ, ապա 7 անդամներից ստացված միավորների հանրագումարը՝ 7-ի։ Հետեւաբար մրցույթի մասնակիցների ստացած վերջնական գնահատականներնի հայտ էին բերվում ոչ թե քվեարկության ճանապարհով, այլ՝ գնահատման։ Տվյալ պարագայում, հատուկ կարծիքի արտահայտման մեխանիզմ օբյեկտիվորեն չէր կարող կիրառվել:

Արդյոք Փաստաբանների պալատը պատրաստվում է հայտարարություն անել ՄԻԵԴ մրցույթի անցակցման վերաբերյալ, առավել եւս՝ երբ մրցույթում ներկայացված էր նաեւ փաստաբան թեկնածու:

Ոչ, չի պատրաստվում, առավել եւս, որ փաստաբանների պալատը դիտորդական գործունեություն չի իրականացրել այդ մրցույթի կապակցությամբ։ Ի դեպ տեղեկացնեմ, որ մրցույթին մասնակցել են երեք փաստաբաններ՝ Վահե Գրիգորյանը, Դավիթ Հակոբյանը եւ Աննա Մարգարյանը։ Ես շատ ուրախ եմ, որ փաստաբանական համայնքում նման գրագետ փաստաբաններ ունենք։

Այդպիսի կազմով հանձնաժողովը կարո՞ղ էր ընտրել անկախ դատավոր: Զբաղեցնելով տարբեր բարձր պաշտոններ՝ այդ անձինք ինչպե՞ս կարող են ընտրել անկախ դատավոր, որը ՄԻԵԴ-ում վիճարկելու է իրենց կայացրած որոշումները:

Այս հարցին չեմ կարող պատասխանել։ Իմ գնահատականները կատարել եմ խղճիս մտոք, եւ պատասխանատու եմ այդ գնահատականների համար, որքանով էլ դրանք համընկել կամ չեն համընկել հանձնաժողովի ընդհանուր գնահատականներին։

Մտավախության չկա, որ նման մթնոլորտում մրցույթի անցկացումից հետո ԵԽԽՎ-ն նորից կմերժի Հայաստանից ներկայացված ցուցակը, առավել եւս, եթե հաշվի առնենք, որ նման նախադեպ եղել է Սլովակիայի դեպքում

Այս հարցին չեմ կարող պատասխանել։

Պատրաստեց՝ Ինգա Մարտինյանը

Հ. Գ. ՄԻԵԴ մրցույթի վերաբերյալ ավելի վաղ հարցազրույց էինք արել նաեւ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հետ:

Տպել
Ամենաշատ