News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան: Ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի ու համալսարանի շախմատի եւ սպորտի ամբիոնի վարիչ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է համալսարանում, ծանոթացել ուսանողների համար ստեղծված պայմաններին, զրուցել դասախոսների հետ: Համալսարանի ռեկտորը քաղաքապետին է ներկայացրել բուհում գործող Շախմատի կրթական հետազոտությունների կենտրոնը, որի առաքելությունն է նպաստել դպրոցներում շախմատի դասավանդման շարունակական բարելավմանը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաեւ համալսարանի թանգարան, ծանոթացել բուհի ստեղծման պատմությանն ու գործունեությունը ներկայացնող ցուցանմուշներին: 

Այցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ստորագրել են համագործակցության հուշագիր: Ըստ այդմ, կողմերը պարտավորվել են ամրապնդել փոխգործակցությունն ու իրականացնել մի շարք ծրագրեր, որոնք ուղղված կլինեն համալսարանի ուսանողների, մագիստրոսների, շրջանավարտների, ասպիրանտների, ինչպես նաեւ հայցորդների աշխատանքային ու մասնագիտական առաջընթացին:

Կարեւորելով համալսարանի հետ ակտիվ փոխգործակցության ձեւավորումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ ստորագրված հուշագրի շրջանակում այն կլինի երկուստեք շահավետ:

«Համաձայնագրի ստորագրումն իսկապես կարեւոր քայլ է, քանի որ ուսանողներին հնարավորություն է ընձեռվում պրակտիկան անցկացնել ինչպես Երեւանի քաղաքապետարանում, այնպես էլ մեր ենթակայության կրթական ու մշակութային հաստատություններում: Սա նաեւ լավ հնարավորություն է ընտրել լավագույն մասնագետներին, ովքեր հետագայում աշխատանքի կանցնեն Երեւանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում, մանկապարտեզներում, թանգարաններում ու գրադարաններում: Նաեւ համոզված եմ, որ այս համագործակցության շրջանակում կձեւավորվի հրաշալի թիմ, որն իր աշխատանքով կնպաստի մեր երկրի ու մայրաքաղաք Երեւանի զարգացմանը: Համոզված եղեք, որ առաջիկա տարիներին մենք կարձանագրենք այն շոշափելի հաջողությունները, որ կունենանք այս համագործակցության շրջանակում», - ընդգծել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով համագործակցության պատրաստակամության համար՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն էլ իր հերթին նկատել է, որ քաղաքապետարանի հետ համագործակցության հաստատումը հնարավորություն կտա համալսարանին գրանցելու նոր ձեռքբերումներ ու հաջողություններ տարբեր ուղղություններով:

«Մանկավարժականը տարիներ ի վեր գտնվել է քաղաքամայր Երեւանում եւ շատ որոշակի լումա է ներդրել  մայրաքաղաքի կրթության ու մշակույթի զարգացման գործում: Բոլորի անունից խորին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, պարոն քաղաքապետ, Ձեր պատրաստակամության համար եւ վստահեցնում եմ, որ նախանշված բոլոր ուղղություններով մենք կապահովենք զգալի արդյունքներ»,- նշել է Ռուբեն Միրզախանյանը:

Ստորագրման հանդիսավոր արարողությունից հետո Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին պարգեւատրել է համալսարանի բարձրագույն պարգեւով՝ «Խաչատուր Աբովյան» ոսկե մեդալով:

Նույն պարգեւին է արժանացել նաեւ Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

Կրթության եւ գիտության ասպարեզում ունեցած մեծ հաջողությունների, Երեւան քաղաքի հանրային կյանքում նշանակալի վաստակի համար համալսարանի մասնագիտական կրթության եւ կիրառական մանկավարժության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աիդա Թոփուզյանն ու համալսարանի շախմատի եւ սպորտի ամբիոնի վարիչ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանն էլ պարգեւատրվել են Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով:  

Նշենք նաեւ, որ ստորագրված հուշագրի շրջանակում կկազմակերպվեն եւ կանցկացվեն կոնֆերանսներ, սեմինարներ, հանդիպումներ, մրցույթներ ու խորհրդակցություններ, որոնք կնպաստեն ժամանակակից կրթական, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ուսուցման որակի շարունակական բարելավմանը:

Տպել
Ամենաշատ