News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը 1915-23 թվականներին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին շարունակում է նյութեր հրապարակել «Վերապրածները» նախագծի շրջանակներում (ֆոտոռեպորտաժ):

«Վերապրածները» իրենց մանկությունն ու հայրենիքը կորցրած սովորական մարդկանց պատմություններն են։

«Վերապրածները» 100 տարվա ցավն ու հիշողությունն է, փոխհատուցման 100 տարվա սպասումը։

«Վերապրածները» այն մարդկանց օրեցօր նոսրացող խումբն է, որոնք չեն կորցնում ճանաչման հույսը՝ իրենց ցավի ճանաչման հույսը։

Դա 106-ամյա Սութե Քոչարյանն է:

Ընե, Ընե… քեզ մոտ են եկել:

Բազմոցի անկյունում նստած տատիկը հանկարծ իրար է խառնվում եւ ասես զարթնելով քնից՝ զարմացած հայացքն ուղղում է ինձ:

Սեւ թախիծով եւ կարոտով լի այդ աչքերի մեջ նայելիս թվում է նայում ես հին եւ խորը ջրհորի մեջ:

Եզդիերենից թարգմանաբար «ընե» նշանակում է տատիկ: Հենց այդպես են դիմում 106-ամյա Սութե Քոչարյանին նրա թոռները:

-Տատի՛, կպատմե՞ս, ինչպես հայտնվեցիր Էջմիածնում:

-Մի՛ պղտորիր հոգիս, բալիկ ջան,- հազիվ լսելի շշնջում է նա՝ բռնելով ավագ թոռան՝ Վանիկի ձեռքը, կարծես նրան օգնության կանչելով:

-Տատիկս շատ հարազատների է թաղել: Իր համար շատ դժվար է այդ ամենը հիշել: Թողեք ես պատմեմ,- ասում է Վանիկը՝ պաշտպանելով տատիկին վատ հիշողություններից…

Սութե Քոչարյանը ծնվել է 1909թ. Իգդիրում: Նա 6 տարեկան էր, երբ ընտանիքը հարեւանությամբ ապրող հայերի հետ հարկադրված էր լքել տունն ու հեռանալ Արեւելյան Հայաստան՝ փրկվելով թուրք զինվորականների հանկարծահաս հարձակումներից:

Դրանցից մեկի ժամանակ բարբարոսաբար սպանվել էր նրա հայրը՝ Ալոն եւ ավագ եղբայր Արչիլը: Դրանից հետո Սութե տատն այլեւս ոչինչ չի ուզում լսել թուրքերի մասին: Այդ ազգի մասին ցանկացած հիշատակում նրա մեջ կորստի, ցավի ու ցասման խառը զգացողություններ է առաջ բերում:

-Նրանք երկար թափառում էին նոր տուն գտնելու հույսով եւ ոտքով հասան մինչեւ Թալինի շրջան ու ժամանակավորապես հաստատվեցին այնտեղ,- պատմում է Վանիկը:

Սակայն նրանց վերջնական հանգրվանը դարձավ Էջմիածինը:

-Քանի՞ քույր եւ եղբայր ունի Սութե տատը:

-Արչիլից բացի եւս 3 եղբայր եւ 2 քույր՝ Չոլոն, Ֆայզոն, Սուրիկը, Սինամն ու Գյուլեն:

Այսօր նրանցից ոչ մեկն այլեւս չկա:

Սութե տատիկը շարունակում է լուռ նստած մնալ՝ խորասուզված սեփական մտքերի մեջ:Նրա հայացքը սեւեռվել է սեղանին այնպես, որ թվում է՝ ժաանակը նրա շուրջ կանգ է առել:

Ավելի ուշ հարազատները պատմում են, որ նա ակտիվ կյանք վարում, մուրաբաներ է փակում, դոլմա փաթաթում եւ թոռնուհիների համար օժիտ հավաքում:

-Ե՞րբ է ամուսնացել Սութե տատը:

-Դա հետաքրքիր պատմություն է: Նա 10 տարեկան է եղել, երբ նրան նշանել են: Մեկ տարի անց նա տեղափոխվել է ամուսնու տուն…

-Երեք տարի ես սկեսրոջս կողքին էի քնում,- անսպասելի խոսակցությանն է խառնվում տատիկը:

- Նրանք ինձ վերաբերվում էին հարազատ աղջկա պես:

Երբ Սութեն դառնում է 15 տարեկան, նա ամուսնանում է եւ ամուսնու հետ առանձին սենյակ տեղափոխվում: Երիտասարդ ընտանիքում ծնվում է 5 երեխա, որոնցից առաջնեկին անվանում են Սութեի հոր պատվին՝ Ալո:

Հետո լույս աշխարհ են գալիս Գյավազը, Քյուբարը, Աթարը եւ Համիկը:

Բոլոր երեխաներին Սութեն սիրով պատմում էր Իգդիրում մնացած հարազատ տան մասին:

1954թ. մահանում է Սութեի ամուսինը, եւ ընտանիքի հոգսն ընկնում է կնոջ ուսերին: Երկար տարիներ նա կթվորուհի էր աշխատում կոլխոզում, մինչեւ երեխաները մեկը մյուսի հետեւից ոտքի կանգնեցին:

-Տատիկս չի սիրում, երբ անգործ է մնում: «Քանի ողջ ես, պիտի աշխատես»,- միշտ ասում է նա:

Իմ խնդրանքով Սութեի թոռնուհիներից մեկը բերում է ընտանիքի հին լուսանկարները: Սութեն լուռ ձեռքը վերցրեց մի քանի լուսանկար եւ դրանցից մեկը մոտեցրեց շուրթերին, համբուրեց ու սեղմեց կրծքին:

Աչքի պոչով ես նկատեցի, որ նրա վրա զինվորական համազգեստով մի տղամարդ էր պատկերված:

-Սա նրա եղբայրն է՝ Ֆայզոն,- հարցս կանխում է Վանիկը,- տատիկս միշտ հպարտանում էր նրանով եւ մինչեւ հիմա չի համակերպվում այն մտին, որ նա մահացել է:

Այսօր Սութե տատը շրջապատված է հարազատ ու մտերիմ մարդկանց ուշադրությամբ ու հոգածությամբ:

Սակայն երբեմն, ինչպես պատմում է Վանիկը, առավոտյան աղոթելիս հիշում է իր անհոգ մանկությունը, որը վայրկենապես ընդհատվել էր նրա ընտանիքին եւ հայ ժողովրդի գլխին հասած ողբերգական իրադարձություններով:

Անի Աֆյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

«Վերապրածները» նախագծի նախորդ նյութերը՛ 

100 տարի զղջման սպասումով. Խոսրով Ֆրանգյան

100 տարի զղջման սպասումովԱրեւալույս Ամալյան 

100 տարի զղջման սպասումով. Մարգարիտա Մխիթարյան 

100 տարի զղջման սպասումով.Ահարոն Մանուկյան 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ