News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Գյումրեցի Քարտաշյանները, որոնք համոզված են, որ ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հեռավոր ազգականներն են, հուսով են, որ Քարդաշյանների ընտանիքի` Հայաստան առաջիկա այցի ժամանակ նրանց հանդիպելու հնարավորություն կունենան: 70-ամյա Մարտուն Քարտաշյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ հայտնի աստղի` Հայաստան ժամանելու մասին երկու օր առաջ է իմացել: 

«Բարեկամներիցս մեկը զանգեց, ասեց` աչքդ լույս, ազգականդ գալիս է Հայաստան: Ես զարմացա ու միեւնույն ժամանակ, ուրախացա: Թեեւ հիվանդ եմ, սակայն ինքս պատրաստ եմ գնալու նրա հետ հանդիպման, եթե նա ժամանակ գտնի ինձ ընդունելու: Միայն թե  պարզեմ` ում դուստրը կամ թոռն է»,- ասաց Մարտուն Քարտաշյանը:

Մարտուն պապը Գյումրիում է ծնվել, ծնողների պատմելով գիտի, որ նախնիները Կարսից են այնտեղ գաղթել: Գիտի, որ Քարտաշյաններ բնակվել են նաեւ ԱՄՆ-ում, այդ պատճառով էլ վստահ է, որ հայտնի հեռուստաստղի հայրն իր ազգականն է եղել:

«Հայրս ասում էր, որ եղբայրներ  ունի, բայց ես նրանց չեմ հիշում: Պապիկիս եղբայրների մասին էլ եմ լսել, նրանք շատ եղբայրներ են եղել, բայց սպանվել են թուրքերի ձեռքով: Տարիների ընթացքում Քարտաշյանները սփռվել են աշխարհով մեկ»-, ասաց Մարտուն Քարտաշյանը:

Մարտուն պապը պատմեց, որ Քարտաշյաններից ոմանք Վանաձորում են բնակվել, սակայն  վաղուց մահացել են: Քարտաշյաններն այժմ հիմնականում ապրում են Գյումրիում, մի մասն էլ`  Արթիկում:

Մարտուն Քարտաշյանն իր չորս եղբայրներից ամենակրտսերն է, ավագ եղբայրները մահացել են, մեկ քույր ունի, որն ապրում է Երեւանում:

Հիշեցնենք, որ թատերագետ Լեւոն Մութաֆյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ Գյումրիում ճանաչում է Քարտաշյանների, որոնք բարեկամ են հայտնի Քարդաշյաններին։ Ըստ Լեւոն Մութաֆյանի` Քարդաշյանի պապը եւ այդ ընտանիքի պապը հորեղբոր որդիներ են եղել։

Նշենք, որ Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան այցի ընթացքում նախատեսվում է նկարահանումներ անել Keeping up with Kardashians ռեալիթի-շոուի համար։ Նկարահանումների մի մասը կիրականացվի Գյումրիում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ