News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Քարդաշյան ընտանիքի անդամներին:

Ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը կարեւորել Քարդաշյան ընտանիքի ներդրումը Մեծ եղեռնի միջազգային ճանաչման ու դատապարտման գործում եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Հայաստան նրանց այցելությունը (ֆոտոռեպորտաժ): Հովիկ Աբրահամյանը ընդգծել է այն փաստը, որ Քարդաշյան ընտանիքը, ինչպես եւ աշխարհասփյուռ հայությունը, չեն մոռանում իրենց արմատները եւ պատմական հայրենիք այցելությամբ ավելի ճանաչելի են դարձնում մեր երկիրը:

Քարդաշյանները շնորհակալություն են հայտնել վարչապետին ընդունելության համար եւ նշել, որ տպավորված են Հայաստանով եւ մարդկանց ջերմ վերաբերմունքով: Հյուրերը տեղեկացրել են, որ նախատեսում են շրջել Հայաստանի պատմական տարբեր վայրերով՝ պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու եւ նախնիների հայրենիքը բացահայտելու նպատակով: Քույրերի խոսքով՝ իրենք երկար ժամանակ երազել են պատմական հայրենիք այցելելու մասին եւ երջանիկ են, որ գտնվում են իրենց երազանքի երկրում: Նրանք ներողություն են խնդրել հանդիպմանը հայերեն չխոսելու համար եւ նշել, որ այժմ աշխատում են մայրենի լեզուն սովորելու ուղղությամբ: Քարդաշյաններն ընդգծել են, որ այսուհետ եւս շարունակելու են ակտիվորեն պայքարել Հայոց մեծ եղեռնի միջազգային ճանաչման ու դատապարտման համար եւ կարեւորել այդ հարցի շուրջ համայն հայության համախմբման գործոնը:

Հանդիպման ավարտին վարչապետ Աբրահամյանը Քարդաշյան ընտանիքի անդամներին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդանշող անմոռուկներ է նվիրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ